Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող ընդդիմադիր թեկնածու, ռուսական «Գազպրոմբանկի» բելառուսական մասնաճյուղի՝ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն և նրա որդին այսօր առավոտյան բերման են ենթարկվել Պետական վերահսկողության ծառայություն՝ հարցաքննության նպատակով։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի պետական հեռուստատեսությունը՝ նշելով, որ Բաբարիկոն հարցաքննվում է իր ղեկավարած բանկում թույլ տրված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Բերման ենթարկվելու ընթացքում Բաբարիկոն և նրա որդին օպերատիվ ծառայությունների գործողություններից չեն դժգոհել և այժմ ցուցմունքներ են տալիս», - հաղորդում է բելառուսական հեռուստատեսությունը։
Օգոստոսին կայանալիք ընտրություններում Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին Վիկտոր Բաբարիկոն հայտարարել էր գարնանը։ Մինչ օրս նրա աջակիցներին հաջողվել է Բաբարիկոյի առաջադրման համար ավելի քան 400 հազար ստորագրություն հավաքել։