Վանաձորում ևս մեկ կարի ֆաբրիկա փակվեց կորոնավիրուսի տարածման պատճառով

Երեկ մոտ երկու տասնյակ վարակակիր էր հայտնաբերվել 350 աշխատող ունեցող «Սարտոն» կարի ֆաբրիկայում։

Դրա սեփականատեր Ռոբերտ Ղուբաթյանն «Ազատությանն» ասաց, որ բոլոր աշխատակիցներն, այդ թվում ինքը, ինքնամեկուսացված են։

«Հարս թե կեսուր, չգիտեմ, էդ «Գլորիայի» աշխատակցից, քանի որ իրար հետ են ապրում, վարակվել ա, բնականաբար, էկել ա գործի: Մենք որ իմացանք, որ ընդեղ մի երեսուն հոգի ունենք աշխատող, որոնք որ «Գլորիայի» աշխատողների հետ են ապրում, մի ընտանիքում, մի տասը հոգու մոտավորապես մեկուսացրեցինք, չթողեցինք գործի գան: Բայց արդեն բանը բանից երևի անցել էր... Եկան, ստուգեցին ու շաբաթ օրվա համար հայտարարեցին, որ պարտադիր թեստավորվեն», - հավելեց Ղուբաթյանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Սարտոնի» դեպքում ֆաբրիկան փակելու մասին պարետի որոշում չի եղել: Արտադրությունը դադարեցվել է, քանի որ բոլոր աշխատողներն ինքնամեկուսացվել են:

Ինչպե՞ս է վարակը մի ֆաբրիկայից անցել մյուսին։ Մարզպետը չբացառեց, որ մարզի 3600 ինքնամեկուսացվածների մեջ տանը մնալու պարտադիր պահանջները խախտողներ եղել են։

Դեռևս հունիսի 3-ից աշխատանքը դադարեցրած «Գլորիայի» աշխատակիցները չձայնագրվելու պայմանով ասացին, որ վարակակիրներին չեն զգուշացրել, որ տան անդամները ևս պետք է մեկուսանան։ Չհերքեցին, որ իրենց ֆաբրիկայի շատ աշխատակիցների տան անդամներն աշխատում են «Սարտոն» կարի ֆաբրիկայում։

Անդրեյ Ղուկասյանն ասաց. – «Ոստիկանական, ընդհանրապես մեր վարչական ռեսուրսները չեն բավականացնում բոլորին անձնապես հետևելու: Բայց մեր բոլոր քաղաքացիներին նկատմամբ, նաև տեղորոշման համակարգի միջոցով, նաև զանգեր են կատարվում առաջնային առողջության պահպանման օղակներից և կոչ են անում, հորդորում են, որպեսզի ինքնամեկուսացման ռեժիմը չխախտեն: Բայց չեմ բացառում, որ լինեն քաղաքացիներ, որոնք չգիտակցելով խախտեն այդ ռեժիմը»:

Հունիսի 3-ից Վանաձորում փակվել էր Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկությունը։ «Գլորիա» կարի ֆաբրիկայի 2600 աշխատակիցների շրջանում հաստատվել են վարակի արդեն մեծ թվով դեպքեր։

Ղուկասյանն ասաց, որ մարզում վարակակիրների թվերը գնալով աճում են. – «Հիմա արդեն վարակի աշխարհագրությունը շատ լայն է, և գրեթե բոլոր համայնքներում ունենք վարակակիրներ»:

Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսի 404 դեպք, որից առողջացել է միայն 72-ը։ Մահվան 6 դեպք է արձանագրվել։ Մահացածներից ամենաերիտասարդը 42 տարեկան էր։ 336 վարակակիրներից միայն 40-ն են այսօր բուժում ստանում, մյուսներն ինքնամեկուսացած են և սուր ախտանշաններ չունեն։

«Լոռիում կորոնավիրուսով հիվանդների համար վերապրոֆիլավորվող Սպիտակի բժշկական կենտրոնը շուտով պատրաստ կլինի հիվանդներ ընդունել», - ասաց Անդրեյ Ղուկասյանը: - «Արդեն իսկ համալրված է բազմաթիվ սարքավորումներով, անհրաժեշտ նյութերով, պարագաներով, և կարծում եմ, երեք օրից հետո ամբողջությամբ կսկսի աշխատել»:

Անցած շաբաթ Բժշկական կենտրոնի աշխատակիցներից ոմանք դժգոհություն էին հայտնել, թե ինչու հատկապես իրենց հիվանդանոցը պետք է վերափոխվի կորոնավիրուսով հիվանդների համար։ Այսօր կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դժգոհություն այլևս չկա։ Հիվանդանոցի 90 աշխատողների կեսից ավելին կգտնվեն հարկադիր պարապուրդի մեջ, քանի որ առողջական խնդիրներ ունեն և չեն կարող աշխատել կորոնավիրուսով հիվանդների հետ։ Վերապրոֆիլավորվելուց հետո աշխատակիցների հիմնական մասը կներգրավվեն այլ բուժհաստատություններից։