Դատախազը Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման միջնորդություն է ներկայացրել ԱԺ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է դատախազությունը։

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ, կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ։

Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին, ըստ դատախազության, քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171 միլիոն 940 հազար դրամ կաշառք։

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ԱԺ ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: Մոտ 10 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը։ Ըստ ԱԱԾ-ի` խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ՝ չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։ 2-րդ քրեական գործը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: 3-րդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի պաշտոնյաներին, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7,5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով մեծ վնասներ։