Մատչելիության հղումներ

Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. նա շարունակում է պնդել իր նկատմամբ քաղաքական հետապնդման մասին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո զրուցում է լրագրողների հետ, Երևան, 14-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո զրուցում է լրագրողների հետ, Երևան, 14-ը հունիսի, 2020թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) դուրս եկավ ավելի քան 9 ժամ այնտեղ գտնվելուց հետո, նա կեսօրից հետո էր ներկայացել ծառայություն՝ հարցաքննության համար։

Ծառուկյանն ԱԱԾ էր ուղևորվել Առինջում գտնվող իր առանձնատնից, որտեղ երեկ վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում։ Զուգահեռ՝ նաև ի աջակցություն Ծառուկյանի հավաք էր կազմակերպվել առանձնատան տարածքում։

«Հարգելի, սիրելի լրագրողներ, մենակ մի հարցի եմ պատասխանում: Այսօրվա բոլոր կատարած գործողությունները, որը տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես բոլորը դա ընդունում եմ քաղաքական», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը չմանրամասնեց, սակայն, թե ինչ քրեական գործի շրջանակում է հարցաքննությունն անցկացվել, միայն կրկնեց՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. - «Մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ: Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը, եթե եղել ա իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում»:

«Ուրեմս, քննությունը կատարվում ա, որը լիարժեք բոլորդ էլ տեղյակ կլինեք, դա, ասենք թե, կարաք դիմեք համապատասխան օրգանների, որը ասեն: Բայց ես ասում եմ՝ դա ընդունում եմ քաղաքական, որտև եթե պապուս թվի, որ թվի գործերը նայելով, ինչ-որ ասելով, ես ասում եմ՝ այսօր ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ, և բոլորը ես ընդունում եմ իմ ելույթից հետո, ելույթից առաջ լիներ՝ կարար 50-50, բայց այսօր իմ ելույթից հետո ա եղել, դա ընդունում եմ քաղաքական», - ասաց Ծառուկյանը:

Օրեր առաջ ԲՀԿ քաղխորհրդի արտահերթ նիստում Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության աշխատանքը բոլոր ոլորտներում ձախողված էր համարել ու հայտարարել, թե Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի։ Դրան հետևել էր իշխանության բավականին կոշտ արձագանքը, վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ասել էր, թե հավանաբար Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային։ Երեկ էլ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի շուրջ իրադարձություններին՝ վարչապետի խոսնակը «Ազատությանն» ասել էր. - «Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են»։

Նախօրեին ԱԱԾ խուզարկության ընթացքում ու հետո հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել։

Քրեական գործերից մեկը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Ըստ ԱԱԾ-ի՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ՝ չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ էլ երկրորդ քրեական գործի մասին տեղեկացրեց: Սա արդեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերին է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները:

Երրորդ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածվեց, երբ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում էր։ Ըստ դրա` Առինջ համայնքի պաշտոնյաներն ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7,5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։

Ծառուկյանի աջակից քաղաքացիները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամներն օրվա ընթացքում իրենց հավաքը շարունակում էին Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև։ Քանի որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են, ոստիկանները հավաքի մասնակիցներին հորդորում էին լքել տարածքը, նրանց մի մասն, այնուամենայնիվ, մնաց տարածքում, իսկ մի մասին ոստիկաները բերման ենթարկեցին։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնեցին՝ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG