Ոստիկանություն. 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում

Ժամը 22։00-ի դրությամբ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմացի հավաքի 252 մասնակցի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում, հայտնում են ոստիկանությունից:

Իրավապահ կառույցը հիշեցնում է, որ արտակարգ դրության պայմաններում երկրի ամբողջ տարածքում արգելվել են հավաքները: «2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ առավոտյան խուզարկություն իրականացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած հավաքվել էին ԲՀԿ-ական պատգամավորները և մարդիկ, որ ներկայանում էին Ծառուկյանի աջակիցներ: