Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք` հասնելով 16 հազար 667-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 133-ով և հասել 6 հազար 214-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ մինչև օրս իրականացվել է 82 հազար 324 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է.- «Պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Մահացածների ընդհանուր թիվն այժմ 269 է, կորոնավիրուսով վարակված ևս 91 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 93 մարդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:
Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե պետք է մեր հանրային այս վարքագիծը փորձենք հասկանալ՝ ազգային հոգեբանության տեսանկյունից։