Սեդրակ Առուստամյանը ՔԿ-ի դեպոզիտ հաշվին փոխանցել է 1 մլրդ դրամ՝ որպես վնասի վերականգնման երաշխիք

«Հյուսիս-Հարավի» գործով մեղադրյալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության կառավարիչ Սեդրակ Առուստամյանը Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցել է 1 մլրդ դրամ՝ որպես վնասի վերականգնման երաշխիք։ Ըստ իրավապահների, Առուստամյանի պատճառած վնասը ավելի քան
2 միլիարդ է։

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնես կայսրության կառավարիչը «Հյուսիս-հարավի» գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

Առուստամյանը ևս երկու տարբեր քրեական գործերով է անցնում, որոնցից մեկը թերևս աննախադեպ չափով կաշառք տալու գործն է։ Ըստ մեղադրանքի, Առուստամյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին նրա երկու որդիների միջոցով ավելի քան 22 միլիոն դոլար կաշառք է տվել։

Գագիկ Ծառուկյանի մտերիմն իրեն առաջադրված որևէ մեղադրանքը չի ընդունում։ Նա ապրիլից կալանքի տակ է։

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Հովիկ Սուքիասյանը պարզաբանեց, թե մեղադրանքը չընդունող Առուստամյանն ինչու է 1 միլիարդ դրամ վճարել պետությանը. – «Վնասի վերականգնում չի արվի, որովհետև մենք գտնում ենք, որ վնաս չկա: Բայց որպեսզի քննչական մարմինը համոզված լինի, որ եթե վնաս լինի, մենք վերականգնելու ենք, այո, մեկ միլիարդ դրամ որպես երաշխիք վճարել ենք մենք: Ո'չ, կանխավճար չենք տվել դա. ընդամենը երաշխիք, որ եթե կապացուցեք, որ մենք վնաս ենք պատճառել պետությանը, մենք պատրաստ ենք»:

ԱԱԾ-ում քննվող մյուս՝ ավելի քան 22 միլիոն դոլար կաշառքի գործով Առուստամյանը իր ունեցած գումարի
ծագումը այսպես էր բացատրել. մայրական պապը «Իրանական պատերազմի» ընթացքում ծառայելով սովետական բանակում՝ մեծ քանակությամբ այսպես կոչված «Շահի ոսկի» ձեռք բերել, որն էլ տատն իրեն է փոխանցել։

Նրա փաստաբան Սուքիասյանն ասաց, որ պետությանը փոխանցած 1 միլիարդ դրամը արագ է հավաքվել։ Հարցին՝ ի՞նքն է վճարել, թե՞ Գագիկ Ծառուկյանը, փաստաբանը պատասխանեց․ - «Էդ արդեն թող քննչական մարմինը հրապարակի»։

Ըստ դատախազության, «Թալին - Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարակական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և Սեդրակ Առուստամյանի կոմից փաստացի կառավարվող «Սթոնս» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:

Աննախադեպ որակելով «Հյուսիս Հարավի» քրեական գործի ծավալը՝ Գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է, որ քննության ընթացքում բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այս գործով արդեն 29 մարդ է ներգրավվել որպես մեղադրյալ, նրանցից 4-ը գործող և նախկին պաշտոնյաներ են, նրանց թվում՝ 2008-2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը, իսկ մյուսները՝ ճանապարահաշինական ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ և
աշխատակիցներ, նաև՝ չինական ընկերությունից։ Այս գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև 2012-2016 թվականներին Տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած, հանրապետական Գագիկ Բեգլարյանը։ Նախկին պաշտոնյան հետախուզվում է մեկ այլ քրեական գործով։

«Հյուսիս Հարավի» գործը վերահսկող ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը տեղեկացրեց, որ մեկ վարույթում են միավորել 13 քրեական գործեր՝ կաշառք ստանալու, հովանավորչության, հարկերից խուսափելու, փողերի լվացման դրվագներով։ Բուն քրեական գործը հարուցված է պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով պետությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։

Ըստ դատախազի, Սեդրակ Առուստամյանը, ըստ էության, պետությանը պատճառել է 2 միլիարդ 700 միլիոն դրամի վնաս։ Բացի Առուստամյանից, մյուս մեղադրյալներից մի քանիսը ևս պետությանը գումարներ են վճարել որպես վնասի վերականգնում։

«Ունենք վերականգնում շուրջ 190 միլիոն դրամի, որը որ ամբողջությամբ արդեն վերականգնված է, և ունենք այլ գումարներ, որոնք որ էլի վճարված են դեպոզիտ հաշվին, սակայն նույն կերպ պետք է քննության ընթացքում այդ գումարներին անդրադառնանք։ Կան նաև բազմաթիվ անշարժ գույքեր, որոնք կալանադրված են, քննիչի որոշմամբ կալանք է դրված, և գումարներ ինչպես բանկային հաշիվներում, որոնք կալանքի տակ են, այնպես էլ նաև խուզարկություններով հայտնաբերված գումարներ, որոնք առգրավվել և ի պահ են հանձնվել Կենտրոնական բանկին», - ասաց Ժամկոչյանը՝ հավելելով, որ Սեդրակ Առուստամյանի գույքի վրա կալանք է դրված։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բոլորն էլ տեսնում էին, թե ինչ է կատարվում Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհի հետ։ Շուրջ 10 տարի հայաստանցիները տեսնում էին, որ խոստացված ճանապարհը չի կառուցվում։

Կարապետյանցի կարծիքով, պատասխան պետք է տան նաև իրավապահները, որոնք մինչև հեղափոխությունը աչք են փակել այս հանցագործության վրա. – «Փաստը մնում է փաստ. փողերը չկան, ճանապարհը չկա, և դրա համար կան պատասխանատուներ: Բայց ինձ համար ավելի է կարևոր է, որ պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր վերահսկողություն պիտի իրականացնեին ու չեն իրականացրել: Խոսքը իրավապահների, դատախազության, ԱԱԾ-ի և մնացած բոլորի մասին է»:

Ըստ դատախազության, «Հյուսիս հարավի» գործով պետությանը պատճառվել է գրեթե 48 միլիոն դոլարի վնաս։ Ճանապարհի շինարարությունը մեկնարկել էր 2012 թվականին և պետք է ավարտվեր 2016-ին, սակայն մինչև օրս 550 կիլոմետրից շահագործման է հանձնվել 31 կիլոմետրանոց մի հատված։