Ֆիրդուսի շենքերից մեկը փլատակի է վերածվել, ակտիվիստները պայքարում են մյուսի պահպանման համար

Երեկ քաղաքացիական ակտիվիստներին հաջողվեց կասեցնել Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։ Շինությունն արդեն իսկ կիսաքանդ վիճակում է, սակայն կանգուն է աղյուսե ֆասադը։ Մի քանի մետր այն կողմ գտնվող պատմական ևս մի շենք օրերս էր փլատակների վերածվել, և հենց այդ շենքը հողին հավասարեցնելն էր հանրության ուշադրությունը բևեռել Ֆիրդուսի խնդրի վրա։


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ արտակարգ դրության ժամանակ, երբ քաղաքացիկաան հանրությունը զրկված է լիարժեք իր ձայնը բարձրացնելու հնարավորությունից, այս գործողությունները հարված են թիկունքից.- «Ու հույս ունեի, գրեթե չէի հավատում, որ հեղափոխությունից հետո նման բան հնարավոր է: Չգիտեմ, ավելին` այդ բոլոր ֆորմալ բաները, որ շենքը ցուցակում չէր, եթե ցուցակում չէր, ուրեմն մասնագետները համարեն, որ արժեքավոր չէ, դա լրիվ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարության լեքսիկոն է, ճիշտ նույն ձևով հանում էին ցուցակից Աբովյանի շենքերը, Պուշկինի շենքերը, Արամի, Բուզանդի փողոցի շենքերը, հետո քանդում, ասում էին` ցուցակում չէին»:

Կառուցապատող ընկերությունից այդպես էլ չներկայացան, քիչ անց ժամանած տղամարդը ներկայացավ իբրև անցորդ և վիճաբանության բռնվեց` պատմական շենքի պաշտպաններին անվանելով բանսարկու։ Թաղամասի բնակիչները, սակայն, փաստեցին՝ շենքը քանդող ընկերությունից է.- «Բանսարկությունը ո՞րն է, ո՞վ ես դու, չէ, ես բանսարկո՞ւ եմ, հասկացա, էտ ինչ թեմայով, դուք ո՞վ եք: Բա որ անցորդ եք, ի՞նչ գործ ունեք բանսարկուների հետ, չէ դուք անցորդ չեք»:


Կառավարության որոշմամբ տարածքի իրացման իրավունք է տրվել 17 տարբեր կազմակերպությունների, որոնցից մեկը կոչվում է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերություն, իսկ մյուսները Արևմտյան Հայաստանի քաղաքների անուններով են` Վան, Բիթլիս, Ադանա և այլն։ Այդ ընկերությունները, սակայն, իրար հետ կապված են, նրանց բոլորի սեփականատերերի մեջ շրջանառվում է էդուարդ Մելիքյանի անունը։ Նրա անունով պետռեգիստրում մի քանի տասնյակ ընկերություններ են գրանցված, ու նաև աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնված և սնանկ հայտարարված «Գլենդել հիլս» ընկերությունը։

Ուշագրավ է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից այս տարվա մայիսի 19-ին ստեղծված Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքները կազմակերպող խմբում ներառված անձանցից մեկը Է. Մելիքյանն է, որպես ներդրողների հետ աշխատանքների պատասխանատու, որ ենթադրաբար Էդուարդ Մելիքյանն է: Ավինյանի գրասենյակի հետ սա ճշտել, սակայն, չհաջողվեց։ Նույն այդ որոշումից պարզ է դառնում նաև, որ այս թաղամասի կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետը Նարեկ Սարգսյանն է՝ Հյուսիսային պողոտայի հեղինակը, որը կառուցելու համար ևս, ըստ ճարտարապետների, պատմական ու մշակութային արժեք ունեցող բազմաթիվ շինություններ են քանդվել, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ փաստել է, որ իրացման գործընթացն անցել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։

33-րդ թաղամաս կոչվող այս տարածքը կամ Ֆիրդուսի թաղամասը հանրային գերակա շահ վերջին անգամ ճանաչվել է 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ: Ըստ այդ որոշման, միայն մի քանի շենք` հիմնականում փողոցների վրա գտնվողներն ունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, իսկ թաղամասի ներսում գտնվող 19-րդ դարի կառույցները, չնայած իրենց մեկդարյա պատմությանը մինչ օրս տեղ չեն գտել պատմամշակութային հուշարձանների ցանկում։

«Երևանի քաղաքապետարանը Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում այդ տարածքի հետ կապված որևէ ակտ չի ընդունել ոչ քանդման, ոչ առավել ևս շինարարության թույլտվության: Միևնույն ժամանակ կա կառավարության որոշում` շարունակել ծրագիրը հաստատված նախագծի շրջանակներում: Այն շենքերը, որոնք, կարծիք կա, որ արժեք են իրենցից պատմաճարտարապետական ներկայացնում, արժեքավոր ճակատներ են, կամ ինչ-որ արժեքավոր դետալներ կան, նրանք համենայն դեպս չունեն այդ բարաթը, որ նրանք համարվում են հուշարձան, այսինքն` օրենքով պաշտպանության միջոց»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ըստ նրա՝ Մշակույթի նախարարության տիրույթում էր շենքերը պատմամշակութային ցանկում ներառելը։ Մշակույթի գծով փոխնախարար Նարինե Թուխիկյանն ասում է՝ մասնագիտական հանձնաժողովը գտել է, որ այդ շինությունները չպետք է նորահայտ հուշարձանների ցանկում ներառել.- «Սովորաբար քանդվում են, եթե ցանկերում չկան, իսկ այդ երկու շենքերը ոչ հիմնական ցանկում կային, ոչ էլ փորձագիտական նիստը դրանք ներառել էր նորահայտերի մեջ»:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, սակայն, հերքում է փոխնախարարի այս պնդումը։ Նա նշում է՝ իրենք քվեարկությամբ փաստել են, որ այս շենքերը ունեն արժեք, բայց որպեսզի գրանցվեն իբրև հուշարձան, լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, սակայն այդ շենքերը վերցված են հաշվառման, և դրանք չի կարելի քանդել։ Հանրապետության նրբանցքում գտնվող և օրեր առաջ քանդված շենքը հողին է հավասարեցվել ապօրինի, աղյուսե շենքը ևս փորձում են քանդել ապօրինի.- «Հիմա քննարկան արդյունքում ոչ թե չեղարկվել է, այսինքն` մերժվել է իր պատմամշակութային արժեքը, ավելին` 6 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայնով հաստատվել է, որ ունի արժեք, բաց փաստաթղթերը, որ կիսատ են, և խնդիրներ կան, դրա համար ուղարկվել է շարունակել պետական հաշվառման գործընթացը, այսինքն` մասնագիտական ուսումնասիրությունները շարունակել և կրկին ներկայացնել փորձագիտական հանձնաժողովին` նախարարությանը: Ինքը չէր կարող քանդվել, եթե պետական հաշվառման է վերցված»:

Հարցին, թե այսինքն` այս շենքն ապօրինաբար է քանդվել, նա Արմեն Աբրոյանը պատասխանեց.- «Այո, իհարկե»:

Երեկ օրվա ընթացքում ակտիվիստների աղմուկի արդյունքում դադարած աշխատանքները կարող էին վերսկսվել երեկ ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ, թաղամասի բնակիչներն ահազանգեցին, որ կառուցապատողները ցանկանում են ծանր տեխնիկա բերել, սակայն դարձյալ քաղաքացիական հասարակության արագ արձագանքի արդյունքում տեխնիկա չբերվեց։ Շենքի ճակատագիրը դեռ անորոշ է։