Բնակիչներն «Ազատության» հետ զրույցում ասացին, թե մինչև քաղաքի կենտրոնին համարժեք՝ շուկայական գներով փոխհատուցում չտան, չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից:
«Երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Ինձ իմ բնակարանից կհանի, եսիմ ուր կուղարկի: Որովհետև մեր աչքը տեսել ա արդեն: Կողքի բնակիչների տները քանդել են, արդեն 8 տարի օդից կախված են», - ասաց տարեց մի կին:
Կառավարության ներդրումային նոր ծրագրով՝ առաջիկա 3-4 տարվա ընթացքում «Ֆիրդուսի շուկայի» և 33-րդ թաղամասի տարածքում կառուցվելու է հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական, սպասարկման օբյեկտներ ու բիզնես կենտրոններ:
Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախարար Նարեկ Սարգսյանի ներկայացրած 300 հազար դոլար արժեցող կառուցապատման այս ծրագիրն արդեն հետաքրքրել է ներդրողներին:
Եսայանը վստահեցրեց, թե բնակիչներն անտուն չեն մնա, իսկ առևտրականներին այլ տարածք կտրամադրվի․ - «Քաղաքաշինության նախարարությունը փոխհատուցման խնդիրներով չի զբաղվում: Բայց արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա: Եթե բանակցությունները դրական արդյունք ունենան, բնակիչների խնդիրները կլուծվեն»:
Խոսնակը հավելեց, թե կլուծվեն նաև այդտեղ առևտրով զբաղվողների խնդիրները, որովհետև «մարդիկ հացի խնդիր են լուծում»:
Այս տարածքի տների 50-ից ավելի սեփականատերեր, որոնց գերակշիռ մասն իրենց տների հարակից տարածքում նաև առևտրով են զբաղվում, անհանգստացած են․ կզրկվեն ոչ միայն իրենց տներից, այլև ապրուստի միջոցից: Չեն հավատում, որ համարժեք փոխհատուցում կստանան:
«Խարխուլ, թե շքեղ՝ մենք մեր տներն ենք ուզում», - ասում են նրանք:
«Քսան տարի ես այստեղ եմ: Հիմա ես ո՞ւր գնամ: 80 տարեկան եմ․․․ Ստեղ էլի հաճախորդներ ես ունեմ․․․ Քանդել չկա», - վրդովվում էր նրանցից մեկը:
Սեփականատերերից շատերը իրացման գոտու իրենց պայմանագրերով մի քանի անգամ արդեն մտել են դատարան, վիճարկել դրանք ու երկարաձգել դրանց ժամկետը: Մյուս մասը որևէ մեկի հետ պայմանագիր չի կնքել ու չի էլ պատրաստվում: Նրանք ասում են, որ կձախողեն կառավարության ծրագիրը: