Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց կառավարության շենքի դիմաց՝ Ֆիրդուսի տարածքի բնակիչները պարզաբանումներ են պահանջում


Ֆիրդուսի տարածքի բնակիչների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց, 20-ը հուլիսի, 2017 թ․
Ֆիրդուսի տարածքի բնակիչների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց, 20-ը հուլիսի, 2017 թ․

Ֆիրդուսի տոնավաճառի հարակից տարածքի բնակիչներն այսօր իրենց բողոքն արատահայտեցին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հստակեցնել՝ արդյո՞ք իրենց տները ևս խանգարելու են այնտեղ իրականացվող շինարարությանը։

Բնակիչներն ասում էին նաև, թե ողջ գիշեր քաղաքապետարանի աշխատողներն ապամոնտաժել են հարակից բացօթյա շուկան ու խաթարել իրենց հանգիստը։ «Գիշերը լրագրողներ չկային, տվեցին ջարդ ու փշուր արեցին: Մեկը գոռում ա՝ մայրս հիվանդ ա, ճնշումը բարձրացել ա, հեչ վեջները չէր»,- պատմեց բնակիչներից մեկը:

Տոնավաճառի ապամոնտաժումը սկսվեց երեկ, առևտրականների դիմադրության պայմաններում: Քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարում են, որ տոնավաճառի հետնամասում սկսվում է նոր էլիտար թաղամասի շինարարությունը, և տաղավարները քանդելուն այլընտրանք չկա։

Ֆիրդուսի տոնավաճառի հարակից տարածքի բնակիչներն այժմ մտահոգություն ունեն, որ տոնավաճառն ապամոնտաժելուց հետո «հերթը կհասնի իրենց տներին»։ Վաղուց են լսել, որ իրենց սեփական տների տարածքը հանրային գերակա շահի շրջանակներում ենթակա է օտարման, բայց մինչ օրս իրենց այդ առնչությամբ որևէ պարզաբանում չեն տվել։ Ֆիրդուսի տարածքի բնակիչները նաև մտավախություն ունեն, որ իրենց սեփականության դիմաց համարժեք փոխհատուցում չեն ստանա: Նրանց խոսքով՝ համարժեք փոխհատուցման դեպքում կհամաձայնեին լքել իրենց տները:

2007 թվականին, բնակիչների բնորոշմամբ՝ «փոքր կենտրոնի վերջին հողակտորը» հայտնվեց հանրային գերակա շահի տիրույթում․ նպատակն այդ տարածքը էլիտար թաղամասի վերածելն էր։ Բնակիչների մի մասը, հավատալով շինարարական ընկերությանը, թույլատրեց քանդել իրենց տները, սակայն կարճ ժամանակ անց կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունն իրեն սնանկ հայտարարեց՝ իրենց տները լքած մարդկանց թողնելով անօթևան։

Տարածքի բնակիչներից մեկը, ով նաև այնտեղ երկար տարիներ առևտրով է զբաղվել, «Ազատությանն» ասաց, թե դեռ չգիտի՝ ուր է տեղափոխվելու ևչի կարծում, թե այլ տեղում շահույթ կստանա: Առևտրականի խոսքով, բավական չէ, որ վարկեր ունեն, այժմ էլ մտահոգված են, որ տնից էլ կհանեն:

Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ տեղյակ չեն, թե որ ընկերությունն է մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատում իրականացնում։ Հարցին՝ ինչպե՞ս կարող է քաղաքային իշխանությունը չիմանալ, թե ով է կենտրոնում էլիտար թաղամաս կառուցում, փոխքաղաքապետն արձագանքեց․ «Պետական հանրային շահ է ճանաչվել, ոչ թե համայնքային»:

Մինչդեռ՝ կառավարության 2007 թվականի որոշման մեջ նշված է՝ «Սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է»։ Միևնույն ժամանակ, կառավարությունը նույն որոշմամբ Երևանի քաղաքապետարանին լիազորել էր որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այն «պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին»: Դավիթ Օհանյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունն այս պահին լիազորված է զբաղվել միայն առևտրականների տեղափոխման, այդ թվում՝ նրանց նոր տոնավաճառներում աշխատանք առաջարկելու հարցերով։

Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջիկայում կհայտնեն, թե որ ընկերությունն է մայրաքաղաքի կենտրոնում էլիտար թաղամաս կառուցում և ինչ կարգով է սեփականատերերին փոխհատուցում տրվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG