«Առնվազն այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար կան բավարար ռեսուրսներ։
Հիշեցնենք, ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնելու հայտով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրել է հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել։ Մասնավորապես, հանձնաժողովն առաջարկում է 11 տոկոսի փոխարեն թանկացնել 4,5 տոկոս, ընդորում, ըստ հանձնաժողովի առաջարկի, գազի գինը անհատ սպառողների համար չպետք է թանկանա։
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն իր հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա։ Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունը։
«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու առնվազն այս պահին, այդ իմաստով ես կարծում եմ՝ կան բավարար ռեսուրսներ ու բավարար գործիքակազմ, որպեսզի դա տեղի ունենա: Այն հաշվարկները և այն հրապարակումները, որ ես տեսել և լեսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում է այն մասին, որ ֆիզիկական անձանց մասով, անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինելու: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա որոշակի չափով հայ սպառողների համար ոչ էական թանկացման հավանականություն կա», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Կապույտ վառելիքի թանկացման խնդրին այսօր տված ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե «Գազպրոմ»-ը կամ «Գազպրոմ Արմենիա»-ն փող են աշխատում հայ սպառողների հաշվին, ապա դա թյուր ընկալում է», - ասել է դեսպան Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ռազմավարական գործընկեր Հայաստանի համար գազի սակագինը չի նվազում։
Դեսպանը նշեց, թե «Գազպրոմ»-ն ու «Գազպրոմ Արմենիա»-ն ունեն շատ լուրջ տնտեսական խնդիրներ, և դա է պատճառը, որ քննարկվում է սակագնի հարցը։ «Իհարկե, ոմանք փորձում են քաղաքականացնել այս հարցը, և այն մատուցել հակառուսական լույսի ներքո, բայց դա իրականության հետ որևէ կապ չունի», - ընդգծեց դեսպան Կոպիրկինը։