Մատչելիության հղումներ

Գազի գնի խնդրի լուծումը կախված է Երևան-Մոսկվա քաղաքական պայմանավորվածությունից. քաղաքական մեկնաբան


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը ու սեփական առաջարկություններն է ներկայացրել։

Հանձնաժողովի առաջարկած սակագներով Հայաստանում բնական գազի գնաճը կկազմի 4,5 տոկոս, ռուսական ընկերության առաջարկած 11 տոկոսի թանկացման փոխարեն։ Ըստ ՀԾԿՀ-ի առաջարկի, գազի գինը սպառող քաղաքացիների համար չպետք է թանկանա։

Ռուսաստանի պետական «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա։

Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունը։

«Գազպրոմ Արմենիա»-ն մի քանի այլ փոփոխություններ էլ է առաջարկել, և եթե ընկերության հայտն ընդունվի, Հայաստանի սպառողների համար գազը միջինում 11 տոկոսով կթանկանա։ ՀԾԿՀ առաջարկով սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կկազմի 266,71 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկած միասնական սակագին 283,14 դոլարի փոխարեն։

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հունիսի 4-ին գազի սակագների հետ կապված աշխատանքային քննարկում է անցկացվելու:

«Գազպրոմ Արմենիա», հասարակական կազմակերպություններ, այլ մասնագետներ, բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել և ունեն առաջարկներ, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակազմի հետ միասին կկազմակերպվի հունիսի 4-ին քննարկում», - ասաց Ազիզյանը:

Իսկ թե երբ սպասել «Գազպրոմ Արմենիա»-ի հայտի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական որոշմանը, Ազիզյանն ասաց՝ հնարավոր կլինի ասել այս քննարկումից հետ, «քանի որ հնարավոր է այլ առաջարկներ հնչեն, լսենք կարծիքներ»։

Գազի գնի հետ կապված խնդրի լուծումը կախված կլինի, թե քաղաքական ինչ պայմանավորվածություն ձեռք կբերեն Երևանն ու Մոսկվան, ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Առայժմ նկատելի է, որ այդ պայմանավորվածությունը չկա և քննարկումները բավական բարդ են», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանի հիմնախնդիրը գազի հարցում 2013 թվականին Ռուսաստանի հետ կնքած գազային պայմանագիրն է, այս համաձայնագրով «Գազպրոմ»-ին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, և սահմանվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է միայն «Գազպրոմ»-ից:

Քաղաքական մեկնաբանն ասում է՝ այս պայմանագրով Հայաստանը հանձնվել է Ռուսաստանի թելադրած պայմաններին. «Ես կարծում եմ՝ մինչև այս հարցը խորությամբ չդիտարկվի և լուծումներ չգտնվեն՝ ընդհուպ պայմանագրի մի շարք դրույթներ փոխելու և այդ առումով Հայաստանի իշխանությունը վերականգնելու տեսանկյունից, կարծում եմ, մենք գազային հարցում չենք կարող դուրս գալ նոր մի մի մակարդակի, որտեղ ավելի կայուն կլինեն հարաբերությունները»:

Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ կորոնավիրուսի համաճարակի շրջանը գազի գնի բարձրացման մասին խոսելու ժամանակը չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Հայաստանն ակնկալում է, որ գազի սակագինը չի բարձրանա։

XS
SM
MD
LG