«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրեն դիրքավորում է որպես հինգերորդ շարասյուն», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` ընդգծելով, որ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գործող քաղաքական ուժը նպատակ ունի հասնել նախկին հանցավոր իշխանությունների վերարտադրությանը:
Գրիգորյանը հիշեցրեց, որ եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Ծառուկյանի առաջնորդած դաշինքը ստացել էր ավելի քան 428 հազար ձայն, ապա 2018-ի դեկտեմբերի ընտրություններում`ավելի քան չորս անգամ պակաս` շուրջ 103 հազար:
«Ազատություն». – ԱԱԾ, Ոստիկանության և Գլխավոր շտաբի ղեկավարների փոխոխությանը նախորդեց ուշագրավ մի տեղեկություն. լրատվամիջոցները գրեցին, որ կառավարական առանձնատների հսկողությունն է ուժեղացվել: Մենք հիշում ենք, որ այդ օրերին վարչապետը կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացել էր, մյուս կողմից տեսնում էինք, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է պահանջում վարչապետի հրաժարականը: Նույն անում է փաստորեն Սերժ Սարգսյանի փեսան, Ռոբերտ Քոչարյանը` իր աջակիցներով: Եվ մարդիկ կարծիք էին հնչեցնում, որ այս փոփոխությունները` ԱԱԾ ղեկավարի, Ոստիկանության պետի, հնարավոր է կապված են նաև հեղաշրջման հնարավոր տարբերակի հետ: Դուք ի՞նչ կարող եք ասել, սա ինչքանո՞վ է լուրջ:
Գրիգորյան. – Ձեր նշած բոլոր ուժերը նախկինի վերարտադրություն են, և այս պահին իրենց որպես էդպիսին դիրքավորած ուժերը, որոնք էսպես կոչված նաև ընդդիմադիրներ են իրենք իրենց հռչակել, ամբողջովին նախկինի վերարտադրության փորձեր է: Այդ փորձերը երկու տարի է շարունակվում են, և փորձեր էդպիսի լինելու են, բայց ես համոզված եմ, որ նրանց որևիցե հնարավորություն չունեն: Անցած շաբաթ կատարված հայտարարությունները ամբողջովին անհիմն են, ինստիտուցիոնալ որևիցե կարողություն չկա պրոցես սկսելու վարչապետի հրաժարականի կամ այլ քաղաքական փոփոխությունների հետ կապված: Դրանց դատապարտված են անհաջողության: Ոչ ֆորմալ առումով էլ, Հայաստանում ստեղծված կորոնավիրուսով իրավիճակը էդպիսի որևիցե հնարավորություն չի տալիս: Ուղղակի եթե նրանք խելահեղ քաղաքական նպատակներ չունեն, ապա կարելի է ասել, որ որևիցե շանս չունեն և դատապարտված են ձախողման: Եվ դա ավելի շատ կարելի ա որակել հինգերորդ շարասյան գործողություններ: Որովհետև Հայաստանը բառիս բուն իմաստով պատերազմ ա վարում թաքնված թշնամու դեմ: Էդպիսի մի պատերազմական ճակատ փորձել է Ադրբեջանը բացել հենց այս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանում, բայց ձախողել է, մեր տված պատասխանների արդյունքում կարելի է ասել` փակվել է այդ էջը: Բայց Հայաստանի ներսում հինգերորդ շարասյան տրամաբանության շրջանակներում փորձում են քայլեր ձեռնարկել, որը հստակ ձախողման ա դատապարտված: Ի դեպ, ասում եք ամենամեծ ընդդիմադիր ուժը, թվաքականը, որ նրանք ունեն, մեծ հաշվով նրանք ունեցել են այդ թվաքանակը միայն այն պատճառով, որ «Իմ քայլը» 70 տոկոս է վերցրել: Ի դեպ, այդ նույն կուսակցությունը, ինչպես Հանրապետականը, 2016 թվականին վերցրել էր, եթե չեմ սխալվում, 420 հազարից ավել ձայն: Մեկուկես տարի հետո այդ նույն կուսակցությունը 102 հազար է վերցրել` չորս անգամ իջել է: Ես կարծում եմ, էս մեկ-մեկուկես տարվա ընթացքում էլ մի էդքան իջել է միանշանակ, և 25 հազարի շրջանակներում կարող են ձայն ունենալ: Էդ կուսակցությունը իրեն դիրքավորում է որպես հինգերորդ շարասյուն և փորձում է ասոցացվել և նախկինի վերարտադրություն կատարել` իրենց արժեքային համակարգով և ամեն ինչով: Նախկինի վերարտադրության փորձ են փորձում կատարել, բայց որևիցե շանս չունեն և դատապարտված են ձախողման»:
«Ազատություն». – Մենք գիտենք պատմությունից, որ հինգերորդ շարասյուները դրսից աջակցություն ունեն: Կա՞ նման բան Հայաստանում:
Գրիգորյան. – Հինգերորդ շարասյան հիմնական տրամաբանությունը ոչ միայն դրսից աջակցություն ստանալն է, այլ նաև պատերազմի իրավիճակում խելահեղ գաղափարներ ունենալն է: Եվ էստեղ կարելի է ասել, որ հինգերորդ շարասյան դերակատարություն վերցնելով, նրանք իրենց դատապարտել են անհաջողության:
ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանը, արձագանքելով իշխանության ներկայացուցիչների քննադատությանը, «Ազատությանը» փոխանցել էր, որ կառավարության հրաժարականը պահանջող Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ որևէ բովանդակային հակադարձում այդպես էլ չլսեցին, և իշխանությունները զբաղված են քաղաքական շանտաժով: