Մատչելիության հղումներ

«Հիմա մունդռիկությունների ժամանակը չի». Անդրանիկ Քոչարյան


«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Ազգային ժողովի «Ւմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ստորև՝ նրա արձագանքը Կառավարության հրաժարականը պահանջողներին.

Անդրանիկ Քոչարյան. – Այդ ուժերին ես նախկինում միշտ ասել եմ՝ գիշերը քնում են, առավոտը մտածում են՝ է՞լ ինչ մունդռիկություններ անեն: Հիմա մունդռիկությունների ժամանակը չի, որովհետև էդ էլեկտորատը չկա: Եվ պարոն Ծառուկյանին շատ-շատերը միշտ ցանկացել են տեսնել իրենց կողքը, «Բարգավաճ Հայաստան»-ին, որովհետև դիտել են «Բարգավաճ Հայաստան»-ը որպես ֆինանսական ռեսուրս, որովհետև քաղաքական դաշտում, այնումենայնիվ, պառլամենտում ինքը ներկայացված է և մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է: Եվ չեմ բացառում, որ «Բարգավաճ»-ի փեշերից կախվածներ շատերը կան՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի ցանկություններով, վերջացրած առողջ և ոչ առողջ ուժերից, որովհետև իրենք իրենցով, ըստ էության, որևէ միավոր չեն ներկայացնում և, որպես կանոն, սկսում են քաղաքական քարտեզը նայելուց հետո թակել պարոն Ծառուկյանի առանձնատան դռները և ասել՝ «արի մեզ փրկի»:

Բայց փրկության խնդիր չկա, որովհետև փրկությունը գտնվում է քաղաքական համակարգի մեջ և քաղաքական համակարգի առողջացման մեջ: Իշխանությունը, ըստ էության, լիարժեք ձևավորվել է, լավ կլինի, որպեսզի ընդդիմությունն էլ լիարժեք, ամուր ոտքերով կանգնի մեր երկրի հարթակում և, ըստ էության, ձեռնամուխ լինենք ամենակարևոր խնդիրներից մեկի լուծմանը՝ դատաիրավական համակարգի բարելավմանը, առողջացմանը, որպեսզի կարևորագույն խնդիրները՝ կապված ապօրինի հարստացման խնդիրների լուծման, դատաիրավական ռեֆորմների, ոստիկանության ռեֆորմների, բանակի ռեֆորմների՝ բոլոր էդ խնդիրների առաջընթացը ապահովելու ուղղությամբ մեր կատարվելիք քայլերի շուրջ, որովհետև նաև մասնակցություն ունեն պառլամենտի մյուս երկու ուժերը ևս:

Իսկ մնացածը, ովքեր պառլամենից դուրս են, պարզապես չեն պատկերացնում՝ ոնց կարելի է առանց իշխանության ապրել, որովհետև իրենք, ըստ էության, շատ լավ հասկանում են, որ ինչ-որ պահի, եթե իրենք կատարել են իրենց իշխանավարման տարիներին որևէ ապօրինություն, իրենց դուռը թակողները շուտով մոտենալու են և դուռը թակելու են՝ դա կլինի քրեական գործերի շրջանակում, թե ապագա քրեական գործերի շրջանակում:

Բայց Հայաստանի առողջացման և մեր քաղաքացուն իր կորցրածը հետ վերադարձնելու անշրջելի ուղենիշն է, և բոլորը դա շատ լավ հասկանում են: Հասկանում են շատ-շատերը նաև քրեաօլիգարխիան, իսկ քրեաօլիգարխիան փորձում է իրեն լիդեր կարգի նախկին անվտանգության պետին, ես այդպես եմ տեսնում՝ պարոն Վանեցյանին, որը շատ հաճույքով այդ գործընթացի առաջամարտիկի դերը վերցրել է իր ձեռքը՝ չունենալով Հայաստանի քաղաքացու աջակցությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG