Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի մանրամասնում, թե որտեղից իրեն տեղեկություներն այն մասին, որ քննությանը հաջողվել է վերականգնել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հին համակարգչից հսկայական ծավալի՝ հազարավոր էջեր կազմող տեղեկություն:
«Թե ինչպես է հայտնի դարձել, թույլ տվեք չասեմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Այդ տեղեկության մեջ, ըստ Հակոբյանի, նշված է, թե Մինասյանը «ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ և ինչպես է խլել, ընտրությունների արդյունքներն ինչպես է կեղծել՝ ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել»: «Կարևորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով և ընկերություններով», - Ֆեյսբուքում գրել է Հրաչյա Հակոբյանը:
«Ձեզ, փաստորեն, զարմացրե՞լ է այն, ինչ հայտնաբերվել է», - «Ազատության» այս հարցին «Իմ քայլ»-ի պատգամավորը պատասխանեց. - «Բավականին, բավականին: Չեմ կարող ասել ինչ է հայտնաբերվել, բայց էն որ զարմացրել է՝ միանշանակ»:
Հարցին էլ՝ «մոտավորապես ի՞նչ թվերի մասին է խոսքը», Հակոբյանն արձագանքեց. - «Թույլ տվեք հիմա չխոսեմ դրա մասին»:
Իր ֆեյսբուքյան էջում իշխող խմբակցության պատգամավորն, ամեն դեպքում, մեկ օրինակ բերում է՝ նշելով, որ «Դաբլ Թրի Հիլթոն» հյուրանոցը Միքայել Մինասյանինն է: «Դե հա, էդ մեկը նշել եմ, չի բացառվում, որ էլի դեպքեր կոնկրետ մատնանշեմ, բայց էս պահի դրությամբ բավարարվենք այսքանով», - ասաց Հրաչյա Հակոբյանը:
«Պրոֆեսիոնալ այթիշնիկների շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ջնջված փաստաթղթերը, այդքանը», - նշեց վարչապետի կնոջ եղբայրը՝ հարցին էլ, թե ի՞նչ կտա դա քրեական գործին, այդ փաստաթղթերը կունենա՞ն արդյոք ապացուցողական նշանակություն, պատասխանելով. - «Դա արդեն իրավապահները կտեսնեն, թե իրենց ինչ կտան այդ փաստաթղթերը»:
Նախկին նախագահի դստեր ամուսնու հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հետ կապված Հրաչյա Հակոբյանը դժվարացավ որևէ բան ասել. - «Չգիտեմ: Ունեմ իմ տեղեկությունները՝ որտեղ է գտնվում, այդքանը, Սոչի քաղաքում, իմ տեղեկություններով՝ այո, չեմ բացառում, որ իրավապահներին նույնպես հայտնի է: Բայց մնացած գործողությունների հետ կապված ես անձամբ ոչինչ չեմ կարող ասել»:
Պատգամավորի համոզմամբ՝ Մինասյանին պետք է վերադարձնել Հայաստան, «որովհետև դա, այսպես ասած, հանրային պահանջ է»:
Մինչ այդ, Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է մի քանի նոր բացահայտված դրվագներով: Քրեական գործով բացահայտվել է, որ Մինասյանը 2012-18 թվականներին կասկածելի աղբյուրներից ստացած ֆինանսական միջոցներով օֆշորային կազմակերպությունների և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոսի բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի հայտարարագրերում:
Պաշտոնաթող նախագահի փեսայի փաստաբան Ամրամ Մակինյանը, իր հերթին, գրառում է արել, որ ՊԵԿ քննչականի գործողությունների մասին հերթական անգամ տեղեկանում են բացառապես Հանրայինի հաղորդագրությունների կամ վարչապետի ելույթների միջոցով, և Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո իրենք կանխատեսել էին, որ նրան կառաջադրվի նոր մեղադրանք: