Պաշտոնանկությունները, ըստ ընդդիմադիրների, մտահոգիչ են ու կադրային խնդիրներն են ի ցույց դնում

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ստանձնում է պաշտոնը, 9 հունիսի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Ոստիկանության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմին ներկայացրեց ուժային կառույցների նորանշանակ ղեկավարներին, նաև շնորհակալություն հայտնեց նախկիններին կատարած աշխատանքի համար։ Վարչապետը նրանց հայտնեց՝ առիթ կլինի քննարկել այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքն ու հետագա անելիքները:

ԱԱԾ-ն պետք է ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել անվտանգության ոլորտի մարտահրավերներին, հենց այս խնդիրը վարչապետը դրեց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առջև.- «Անվտանգություն ասելով և այդ հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում գուցե ընդհանրապես կանխատեսված չէին»։

Անցած 2 տարին բավարար ժամանակահատված էր, որպեսզի ծառայության բոլոր աշխատակիցները դիրքավորվեին ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Վարչապետը հայտարարեց՝ հիմա պետք է ամփոփել, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել: Փաշինյանն այդ առումով ակնկալում է շատ կոնկրետ պատասխաններ։

Գործադիրի ղեկավարը Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանին հանձնարարեց առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի բարելավման վրա.- «Իհարկե, հույս ունենք և համոզված ենք, որ համավարակը ժամանակավոր է, և համոզված ենք, որ մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ, բայց ոստիկանության գործառույթները շարունակում են բոլոր իրավիճակների համար առանցքային մնալ»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին էլ ներկայացնելիս վարչապետն արձանագրեց՝ Զինված ուժերում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ Փաշինյանի` ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրագործվի.- «Պարոն Գասպարյանն էլ Զինված ուժերում նոր մարդ չէ և պարոն Դավթյանի նման անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով»:

Թե ինչն էր ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկություների պատճառը, պաշտոնապես այդպես էլ հստակ չնշվեց։ Երեկ պարետատան նիստի ընթացքում Փաշինյանն ակնարկեց ուժային կառույցների արդեն նախկին ղեկավարների հետ գործակցության հնարավորության մասին։ Շեշտեց, որ եթե այդ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն ու պատրաստակամություն լինի, պատրաստ է քննարկել այդ հարցը.- «Ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք դե յուրե առնչությունների խնդիր ունեն, իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին»:

Ավելի վաղ համացանցում էր հայտնվել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի առանձնատան մոտ արված տեսանյութը, որից նկատելի է՝ նախկին պաշտոնյանի առանձնատանը խնջույք է։ Տարածված տեղեկությունը, թե առանձնատանը Արտակ Դավթյանի որդու հարսանիքն է անցկացվել, ինքը՝ նախկին պաշտոնյան չէր հերքել։

Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում» կարծում են, որ բոլոր պաշտոնանկություններից հետո պետք է հասարակությունն իմանա պատճառների մասին: Խմբակցությունում մտահոգիչ են համարում հատկապես ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները։

«Տնտեսական բլոկն ամբողջությամբ ձախողվել է, սոցիալական բլոկը ձախողվել է, կրթական բլոկը ձախողվել է, այսինքն` եթե ունենք ձախողումներ մի բնագավառում, այդտեղ պաշտոնանկություններ տեղի չեն ունենում, բայց ունենք մեկ այլ բնագավառում, որն անվտանգության սեկտորն է, և այս այսպես ասած` կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում, նաև իշխանության մեր գործընկերներն անընդհատ արտահայտում են այն միտքը, որ գտնվում ենք պատերազմում, այս վիճակում անընդհատ անվտանգության սեկտորում փոփոխություններ կատարել, կարծում եմ, մտահոգիչ է»,- ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Իսկ «Բարագավաճ Հայաստանում» համոզված են՝ պաշտոնանկությունները հաստատում են` կառավարությունում լրջագույն բացթողումներ կան։

«Դեռևս մեկ տարի առաջ է պարոն Ծառուկյանը հայտարարել, որ 97 տոկոսը կառավարության կազմի ոչ պրոֆեսիոնալներ են, և փոփոխության կարիք ունի: Իսկ վերջերս էլ նաև հայտարարեցինք, որ մենք այդ ոչ պրոֆեսիոնալ կադրային կազմը 100 տոկոսանոց փոփոխության անհրաժեշտություն է զգում: Կարծում եմ, որ նույն այս պաշտոնանկությունները ևս մեկ անգամ գալիս են վերահաստատելու Գագիկ Ծառուկյանի մատնանշած կադրային լրջագույն խնդիրների մասին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Անցած շաբաթ էլ իր հրաժարականը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, գերատեսչությունից հայտնել էին, թե Փաշինյանն ու Անանյանը կադրային տարաձայնություն ունեն։