Մատչելիության հղումներ

«Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում». Պապիկյանը՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների մասին


«Մեր գործողությունները միտված են այդ համակարգերը ավելի արդյունավետ դարձնելուն», - այսօրվա պաշտոնանկությունների պատճառների մասին Տարածքային կառավարման նախարար և իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը միայն այսքանն ասաց՝ մտահոգիչ չհամարելով փաստը, որ հեղափոխությունից հետո արդեն երրորդ ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանապետն է նշանակվում:

Այսօր պաշտոնից ազատվել է նաև պարետի կողմից հավաքների արգելքի պայմաններում որդու հարսանիքը կազմակերպած ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Անհանգստացնող ոչինչ չեմ տեսնում, դա բնականոն պրոցես է, այլ մանրամասնություններ, քան արդյունավետությունը բարձրացնելու ցանկությունն է, ես նշել չեմ կարող: Կոնկրետ դժգոհությունների մասին հիմա խոսել չեմ կարող», - ասաց Պապիկյանը:

Իշխող կուսակցության վարչության նախագահը անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու մասին հայտարարություններին: Ասում է՝ առողջ քննադատության կողմնակից է ու ակնարկում՝ Ծառուկյանի քննադատությունը այդպիսիներից չէր։

«Եթե տողատակեր կան, ապա կարող եմ ասել, որ դա հիասթափեցնող է լինելու թե՛ իր, թե՛ իրեն սպասող արդեն տարբեր անկյուններում որևէ կերպ արձագանքող կամ համավարակի շրջանում, երբ երկիրը գտնվում է բավականին կարևոր ու ծանր փուլում, որովհետև, ըստ էության, սա արտակարգ դրության պայմաններում տարբեր քաղաքական ուժերի կողմից փոխանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն օգնելու, իշխանությանն ապավեն լինելու, այլ առիթը օգտագործելու ու տարբեր մերկապարանոց մեղադրանքներ ու տարբեր մեղքեր իշխանության վզին փաթաթելու միտում է», - նշեց նախարարը:

Սուրեն Պապիկյանը վերահաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի ավել վաղ հնչեցված հայտարարությունը, թե Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով: Չի կիսում քննադատությունը, թե հեղափոխությանից առաջ իրենց թիմակիցների համար Գագիկ Ծառուկյանը օլիգարխ էր, հեղափոխությունից հետո դարձավ սեփականատեր:

«Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ հսկայական կարողություններ և գույք են կուտակել և գիտեք նաև, որ Ազգային ժողովը հավանության է արժանացրել ապօրինի գույքի, ապօրինի հարստացման մասին օրենքը և առաջիկայում այն ուժի մեջ է մտնելու: Ես ուղղակի համբերություն եմ մաղթում մեր գործընկերներին և ուզում եմ, որ իրենք հետևողականորեն փորձեն ապացուցել, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը և արդյոք դրանք օրինական են, թե ոչ», - ընդգծեց Պապիկյանը:

«Ազատության» հարցին՝ Գագիկ Ծառուկյանը հիմա սեփականատե՞ր է, թե՞ օլիգարխ, նախարարը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել օլիգարխ, որովհետև փոխկապակցված չէ իշխանության հետ: Գագիկ Ծառուկյանի օլիգարխ լինելու և սեփականատեր լինելու այդ հարցը, որ անընդհատ հնչում է, մեծապես կապված է այդ տերմինի բացման հետ: Այսինքն՝ անձը ու իր կարողությունները չեն փոխվել, սակայն օլիգարխիկ համակարգի փոխկապակցվածությունը իշխանության հետ այլևս գոյություն չունի: Միգուցե դա է պատճառը, որ մեր գործընկերները մտահոգված են, որովհետև չեն կարողանում ինչ-որ կոմպրոմիսներ գտնել իշխանության մեջ»:

Սուրեն Պապիկյանը նաև հետաձգված սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարն է։ Չի շտապում կանխատեսումներ անել, թե երբ հնարավոր կլինի անցկացնել հանրաքվեն, որով կդադարեցվեն ՍԴ նախագահի և վեց դատավորների լիազորությունները: Ինչպես և իր մյուս գործընկերները, չի բացառում ՍԴ ճգնաժամի լուծման այլ իրավական ճանապարհների կիրառումը։

XS
SM
MD
LG