Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու, Օնիկ Գասպարյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Վահե Ղազարյանին էլ ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագրեր:
Ավելի վաղ Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ պաշտոններից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։
Գնդապետ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ընդամենը երեքուկես ամիս առաջ՝ մարտի 19-ին, իսկ մինչև այդ նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, երբ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկանդալով թողեց այդ աթոռը։
Գնդապետ Արման Սարգսյանը նույն օրն էր նշանակվել ոստիկանապետ՝ մինչ այդ, դարձյալ, անցած տարվա սեպտեմբերից ոստիկանության պետի պաշտոնակատարն էր՝ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո։
Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին, ապա Արտակ Դավթյանը սկանդալի կիզակետում է հայտնվել որդու հարսնյաց հանդեսի պատճառով։ Ինչպես այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ պարետատունը կուսումնասիրի կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որդու հարսանյաց հանդեսի հարցը, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն։