Ուժային կառույցների ղեկավարների փոփոխությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում, որ տիրապետում է իրավիճակին՝ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Ուժային այս կառույցների այլևս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը նախագահի այլ հրամանագրերով ազատվեցին պաշտոններից։
«Ես, իհարկե, հակված եմ մտածել, որ ՊԵԿ նախագահի փոփոխությունը փոքր-ինչ այլ շարժառիթ ուներ և չեմ դիտում ուժայինների դաշտում, բայց ուժային բլոկի փոփոխությունը, իմ կարծիքով, առաջնային նպատակներից մեկը որպես, ուներ հետևյալ իմաստը, որ ցույց տրվի դրությանը տիրապետելու և իրավիճակը կառավարելու քաղաքական ղեկավարության, տվյալ դեպքում վարչապետի կարողությունը: Կարծում եմ՝ հիմնական ազդակը դա էր:
Իհարկե, պետք է հասկանալ, թե որ շարժառիթները որևէ մեկի դեպքում ինչպիսին են եղել, որովհետև Գլխավոր շտաբի պետի դեպքում մենք տեսանք, որ հարսանիքի հետ կապված աղմուկն էր և այստեղ կարծես թե այլ տարբերակ չէր մնում, քան պաշտոնանկությունը, որովհետև բարձրաստիճան պաշտոնյան փաստացի արհամարհական մոտեցում էր ցուցաբերել հենց վարչապետի հորդորների հանդեպ: Բայց ԱԱԾ պետի և Ոստիկանության պետի փոփոխությունն էլ վկայում է, որ ընդհանրապես ուժային բլոկի առնչությամբ վարչապետն ունեցել է քաղաքական ուժեղ մեսիջի խնդիր և վերադառնալով կորոնավիրուսային մեկուսացումից այդ ուժեղ մեսիջով փորձ է անում ցույց տալ, որ տիրապետում է դրությանը: Եվ սա հաշվի առնելով այն, որ վերջին օրերին, և հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բավականին աղմկոտ երանգ ստացավ ընդդիմադիր դաշտում վարչապետի պաշտոնանկության կամ հրաժարականի «օրակարգային» խնդիրը: Այս պայմաններում այդ ուժային բլոկի հետ առնչվող որոշումները կարծում եմ, որ որոշակի պատասխան էին նաև այս իրավիճակին», - նշեց Բադալյանը: