Հրաժարականի դիմում է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Այս մասին տեղեկացրել է Անանյանն ինքը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով. «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»։
Հրաժարականի պատճառի մասին Անանյանը ոչինչ չի գրել, նա այսօր չպատասխանեց «Ազատության» հեռախոսազանգերին։
Պետեկամուտների կոմիտեն կառավարությանը ենթակա մարմին է, և Դավիթ Անանյանի հրաժարականը պետք է ընդունվի կամ մերժվի գործադիրի նիստում։
Թե ինչ է մտածում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի հրաժարականի դիմումի մասին, փորձեցինք կապվել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ, սակայն նա անարձագանք թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։
Նախորդ օրերին, ինչպես հայտնի է, վարչապետ Փաշինյանը շարունակաբար խոսում է կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության կանոնները պահելու մասին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, ուր մարդիկ, գլխավորապես, արհամարհում են այդ կանոնները։ Երեկ՝ հրապարակումներից մեկը վերաբերում էր ՊԵԿ-ի կազմում գործող մաքսային ծառայության աշխատանքին։ Լուսանկարը պատկերում է ծառայության մասնաճյուղերից մեկում խմբված մարդկանց, որոնք չեն պահել սոցիալական հեռավորությունը։ «Արարատյան մաքսատուն: Պարոն Անանյան՝ կարգավորեք արագ»,- գրել էր վարչապետը։
Այս գրառումից հետո՝ այսօր կեսօրից անց վարչապետը ֆեյսբուքյան նոր հրապարակմամբ հանդես եկավ։ Լուսանկարը պատկերում է Արևմտյան մաքսատանը տիրող իրավիճակը, ուր մարդիկ, դարձյալ, չեն պահել սոցիալական հեռավորությունը։ «Արևմտյան մաքսատուն. շատ մարդ չի վարակվի, ընդամենը մեկ-երկու հոգի. շարունակությունը երկրաչափական պրոգրեսիայով: Այս անպատասխանատվությունը անհետևանք չի մնա», - գրել է Նիկոլ Փաշինյանը։
48-ամյա Դավիթ Անանյանը, ով Սերժ Սարգսյանի իշխանության վերջին երկու տարիներին ֆինանսների փոխնախարարն էր, ՊԵԿ նախագահ նշանակվեց թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսին։ Անանյանը, ի դեպ, հարկային մարմիններում աշխատել է հեռավոր 1993-ից՝ աշխատանքի անցնելով Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչությունում՝ որպես հարկային տեսուչ։