Ֆլոյդի սպանության հետ առնչվող ոստիկաններին նոր մեղադրանք են ներկայացրել

Բողոքի ցույց Մինեսոտայում, 28 մայիսի, 2020թ.

Երկրորդ աստիճանի սպանության հոդված

Մինեսոտայի նահանգի ամենամեծ քաղաքում՝ Մինեապոլիսում, անզեն սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Ամերիկայում սկսված բողոքի զանգվածային ակցիաները և անկարգությունները շարունակվում են։

Իրավապահները նոր մեղադրանք են ներկայացրել ողբերգական միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր չորս ոստիկաններին։

Սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինն, ով, 9 րոպե ծունկը պահելով Ֆլոյդի կոկորդին, անտեսել է տղամարդու աղաչանքն ու նրան խեղդել է, արդեն մեղադրվում է ոչ թե 15 տարվա ազատազրկում ենթադրող երրորդ, այլ ընդհուպ մինչև 40 տարի ազատազրկում ենթադրող երկրորդ աստիճանի սպանության մեջ։

44-ամյա պաշտոնանկ արված ոստիկան Շովինին նոր մեղադրանքը ներկայացրել է Մինեսոտայի գլխավոր դատախազ Քեյթ Էլիսոնը։

«Ջորջ Ֆլոյդն այստեղ չէ, նա պետք է այստեղ լիներ, պետք է ողջ լիներ, 9 օր առաջ աշխարհը լսեց Ֆլոյդի վերջին խոսքերը. «Ես չեմ կարող շնչել», և կյանքը խնայելու խնդրանքը, աշխարհը լսեց վերջին վայրկյանին մորը հասցեագրած Ֆլոյդի աղերսը և բացականչեց՝ «Ո՛չ սպանդին»,- ասել է Մինեսոտայի գլխավոր դատախազը։

Քեյթ Էլիսոնը հայտնել է նաև, որ արձակել է միջադեպի մասնակից երեք ոստիկաններին՝ Ջեյ Էյ Կենին, Թոմաս Լեյնին, Տու Տաոյին կալանավորելու հրամանագիր։ Նրանք մեղադրվում են երկրորդ աստիճանի սպանությանը դրդելու և օժանդակելու մեջ։

«Ես համոզված եմ, որ սա բխում է պարոն Ֆլոյդի, նրա ընտանիքի, մեր համայնքի, մեր նահանգի շահերից»,- ասել է Մինեսոտայի դատախազը։

Մինեսոտայի իրավաբաններրը չեն բացառում, որ հետագայում՝ քննության ընթացքում, Դերեք Շովինին առնվազն տեսականորեն կարող են ներկայացնել նույնիսկ առաջին աստիճանի սպանության մեղադրանք, որը ենթադրում է ցմահ ազատազրկում։ Մահապատիժ Մինեսոտայի նահանգում չկա։

ԱՄՆ-ում հարաբերական անդորր, բայց երկու քաղաքներում՝ ցույցեր

Ամերիկյան որոշ նահանգներում անցած գիշերը համեմատաբար հանգիստ էր, սակայն Պորտլենդի կենտրոնում և Նյու Յորքի Բրուքլինի թաղամասում մեծ թվով մարդիկ, անտեսելով ոստիկանների կարգադրություհնները, շարունակել են բողոքի ակցիաները։

Նյու Յորքում երեկոյան ժամը 8-ից պարետային ժամ է սահմանվել, իրավապահները փորձում են կարգուկանոն հաստատել և կանխել բողոքի ակցիայի ընթացքում տարբեր մեծ ու փոքր խանութների և բիզնեսների թալանն ու տարատեսակ այլ վայրագություններ։ Բողոքի ակցիաներ կազմակերպող ակտիվիստները պնդում են, որ ոչ մի առնչություն չունեն ջարդարարների և ավազակների հետ։

«Դա սարսափելի բան էր, չպետք է պատահեր»

Դատապարտելով Ֆլոյդի սպանությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփը նաև պահանջել է ամենակոշտ միջոցներով վերականգնել հանրային անդորրը և կարգուկանոնը, կոչ է արել նահանգապետին դրա համար ներգրավել Ազգային գվարդիայի ուժերը և նույնիսկ ասել է, որ հարկ եղած դեպքում կդիմի բանակի օգնությանը։

Թրամփի ընդդիմախոսների համոզմամբ, նա իր մեկնաբանություններով սրել է կացությունը։ Երեկ Թրամփն ասել է.- «Դա սարսափելի բան էր, երբեք չպետք է լիներ, ինչ-որ բան ոստիկանին հունից հանել է, ինչ-որ բան պատահել է նրա և երեք մյուսների հետ, կարծում եմ` նրանց չի կարելի նույն շարքը կարգել, բայց դա շատ վատ կատեգորիա է, ոչ մի լավ բան դրանից չի կարող լինել, դա շատ վատ բան էր»,- ասել է նախագահը։

Նա քննադատել է, իր բնորոշմամբ, չափազանց լիբերալ քաղաքապետերին, ովքեր չեն կարողանում կարգուկանոն ապահովել, բայցև որոշակիորեն մեղմել է դիքորոշումը` հույս հայտնելով, որ գործը չի հասնի Ամերիկայի զինված ուժերին դիմելուն, քանի որ Ազգային գվարդիան ունի կարգուկանոն ապահովելու անհրաժեշտ լծակներ։

Պաշտպանության նախկին նախարարը քննադատեց Թրամփին

Նախօրեին նաև պաշտպանության նախարար Մարկ Էսպերն է ընդգծել, որ զինված ուժերի միջամտությունն անցանկալի է և հնարավոր է միայն որպես ծայրահեղ միջոց։

Ի դեպ, պաշտպանության նախկին նախարար Ջիմ Մաթիսն, ով ժամանակին հայտարարել է, թե երբեք չի քննադատի գործող նախագահին, երեկ խստորեն քննադատել է բանակը երկրի ներսում օգտագործելու Թրամփի սպառնալիքն ու ասել է, որ նախագահը պառակտում է երկիրը։

Օբաման շնորհակալություն է հայտնում երիտասարդներին

Նախկին նախագահ Բարաք Օբաման էլ է խոսել Ֆլոյդի ողբերգության մասին, նա ասել է, որ մարդիկ արթնացել են, համազգային բողոքի ալիքն Ամերիկան փոխելու հնարավորություն է։

«Մտածելակերպի փոփոխություն է տեղի ունենում, ըմբռնում, որ մենք կարող ենք ավելի լավ ապրել, և դա ոչ թե քաղաքական գործիչների ուղերձների կամ ինչ-ինչ լուրերի և հոդվածների, այլ ամբողջ երկրում փոփոխություն պահանջող երիտասարդների ակտիվության արդյունք է։ Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում այս պահը կայացնելու համար»,- ասել է Օբաման։

Նյու Յորքում ցուցարարների և ոստիկանների ընդհարման ականատես Reuters-ի լուսանկարիչը պնդում է, որ ցույցը հիմնականում խաղաղ էր, և առճակատման են գնացել ոստիկանները։

Ռասայական խնդիրը՝ երկրի ցավոտ անցյալի հետևանք

Ողբերգական զարգացումներին ուշադրությամբ հետևող ամերիկացիների գերիշխող մեծամասնությունը ողջունել է ոստիկաններին առաջարկվող մեղադրանքը խստացնելու Մինեսոտայի իրավապահների դիրքորոշումը։

Սևամորթներն Ամերիկայի բնակչության ընդամենը 13 տոկոսն են կազմում, սակայն բանտարկյալների 60 տոկոսը սևամորթ են։ Եվ ոստիկանների հետ տարբեր միջադեպերի ընթացքում սպանվող ամերիկացիների մեծ մասն էլ սևամորթներ են։

Նրանց նկատմամբ անարդար վերաբեմունքի, նրանց զգալի հատվածի անհավասարության, սոցիալական, տնտեսական և կրթական անմխիթար վիճակի արմատներն առնչություն ունեն Ամերիկայի ցավոտ անցյալի հետ։

Որոշ քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվել են։ Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, դա վկայում է երկրում ռասայական հարցում ավելի խորքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրանակացնելու հանրության պահանջի մասին։