Իսպանիան 6-րդ անգամ երկարաձգեց արտակարգ դրությունը. 100 հազարավոր մարդիկ հայտնվել են աղքատության շեմին

Իսպանիա- Մայրաքաղաք Մադրիդի բնակիչները սոցիալական հեռավորություն են պահպանում խանութի մուտքի մոտ, 25-ը մարտի, 2020թ.

Իսպանիայում շատերը մնացել են բարեգործական կազմակերպությունների հույսին

Իսպանիայում տնտեսության փակվելու հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են աղքատության շեմին։ Շատերի հույսը մնացել են բարեգործական կազմակերպությունները։

Բարսելոնայում գործող բարեգործական կազմակերպության կամավորները յուրաքանչյուր շաբաթ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների օգնություն են առաքում սոցիալապես ծանր իրավիճակում հայտնված մարդկանց։ Էկվադորցի Արսելի Մեդիավիլայի ընտանիքի համար այդ օգնությունը ապրելու փրկօղակ է։ «Սա սոսկ պարենի արկղ չէ, սա սիրո, հույսի արկղ է»,- արցունքները զսպելով` ասել է նա «Ռոյթերսին»։ 28-ամյա կինը նախկինում ևս ապրել է Բարսելոնայում: Նա մոր և երկու երեխաների հետ վերադարձել էր Իսպանիա ավագ որդուն բուժելու հույսով և մնացել բարեգործական ընկերությունների հույսին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի քան երեք ամիս չէր կարողանում աշխատանք գտնել։ Բարեգործական կազմակերպությունը նրան նաև օգնել է աշխատանքի տեղավորվել, ու արդեն մեկ շաբաթ է` նա լաբորատորիաներից մեկում օգնական է աշխատում։

Տնտեսության խիստ սահմանափակումների հետևանքով միայն անցած մարտի երկրորդ կեսին Իսպանիայում 900 հազար աշխատատեղ է փակվել։ Առավել ծանր է միգրանտների համար, հատկապես առանց փաստաթղթերի միգրանտները որևէ տեղ աշխատանքի են տեղավորվում առանց գրանցվելու, ինչը նրանց խոցելի է դարձնում տնտեսական ցնցումների ժամանակ։ Նրանք դուրս են մնում սոցիալական աջակցության պետական ծրագրերից։

Անցած շաբաթ Իսպանիայի կառավարությունը 2,5 միլիոն եվրոյի աջակցության ծրագիր է հաստատել իր աղքատ քաղաքացիների համար։ Նրանք օգնություն կստանան նվազագույն աշխատավարձի կեսի չափով՝ 1108 եվրո։

Իսպանիայում արտակարգ դրությունը կավարտվի հունիսի 21-ին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երեկ խորհրդարանին խնդրեց վերջին անգամ երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, որպեսզի կառավարությունը կարողանա վերահսկել իրավիճակն ու մարդկանց տեղաշարժը։ Վարչապետն արդեն վեցերորդ անգամ է խնդրել երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, այն Իսպանիայում կավարտվի հունիսի 21-ին։

Իսպանիայում արտակարգ դրություն էր մտցվել մարտի 14-ից։ Մինչ հիմա այստեղ 287 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի քան 27 հազար մարդ մահացել է։

Վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ վատթարագույնը մնացել է ետևում։ Վերջին 2 օրվա ընթացքում ոչ մի մահ չի արձանագրվել։

Իսպանիան պատրաստվում է հունիսի 22-ից աստիճանաբար վերաբացել զբոսաշրջությունը։

Զբոսաշրջության ոլորտը` նոր կանոններով

Եվրոպական երկրները զգուշորեն վերաբացում են, պլանավորում են վերաբացել զբոսաշրջության եկամտաբեր ոլորտը` միաժամանակ աշխատելով կանխել կորոնավիրուսի հնարավոր տարածումը։

Բրիտանիան հայտարարել է նոր կանոնների մասին։ Բոլոր այցելուների համար 14-օրյա կարանտին է սահմանվել։ Մեկուսացման պայմանները խախտողները կարող են դատական հետաքննության ենթարկվել կամ տուգանվել 1000 ֆունտով։ Ավիացիոն ոլորտի ներկայացուցիչները քննադատել են կառավարության որոշումը` գտնելով, որ նման պայմանների դեպքում զբոսաշրջիկները կխուսափեն այցելել Բրիտանիա։

Եվրոպայում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ից հետո ամենաշատ մահվան դեպքերն արձանագրվել են Բրիտանիայում՝ ավելի քան 39 հազար 700 մարդ է մահացել։

Գերմանիան ընդհակռակը՝ կարանատինային սահմանափակումները զգալիոերն թուլացնում է։ Բեռլինը հայտարարել է, որ իր կողմից վերացնում է ճամփորդական սահմանափակումները Եվրամիության անդամ երկրների, ինչպես նաև որոշ այլ երկրների համար։ Բայց ճամփորդության մյուս կողմում կարող են արգելքներ ու սահմանափակումներ լինել։ Այդպիսի ուղղություններից մեկը Իսպանիան է, որը զբոսաշրջիկներից ստացվող գումարների խիստ կարիքն ունի, բայց խորհրդարանը որոշեց դեռևս փակ պահել երկրի սահմանները։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Գերմանիան կարողացել է համավարակը հաղթահարել համեմատաբար քիչ զոհերով։ Չնայած վարակվածների թիվն անցել է 184 հազարը, Գերմանիայում մոտավորապես 8 հազար 600 մարդ է մահացել, ինչը ցածր ցուցանիշ է համարվում կորոնավիրուսից տասնյակ հազարավոր զոհեր տված Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի համեմատ։

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 6,5 միլիոնը, ավելի քան 388 հազար մարդ է մահացել, բուժվել է 3 միլիոնից ավելին։