Մատչելիության հղումներ

Եվրոպան զգուշավորությամբ բացում է սահմանները


Անցակետ Լիտվայի և Լատվիայի միջև։ 15-ը մայիսի, 2020թ․
Անցակետ Լիտվայի և Լատվիայի միջև։ 15-ը մայիսի, 2020թ․

Օր-օրի սահմանափակումները վերացնող Եվրոպայում արդեն խոսում են զբոսաշրջության ոլորտը վերագործարկելու մասին:

Հունաստանում այսօրվանից թույլատրվել է ներքին տուրիզմը. զբոսանավերը առավոտից սկսել են երկրի բնակիչներին տանել դեպի ծովափնյա հանգստավայր-կղզիներ, որոնք փակ էին շուրջ երկու ամիս` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մոտ երկու շաբաթից` հունիսի կեսից էլ երկիրը կբացվի օտարեկրացիների առաջ:

«Վիրուսի դեմ արդյունավետ քայլերով մենք ապացուցեցինք, որ Հունաստանը ապահով, անվտանգ ու վստահելի երկիր է», - անցած շաբաթավերջին հայտարարեց վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` վկայաբերելով վիճակագրական վերջին տվյալները. ավելի քան տասը միլիոն բնակչություն ունեցող երկրում մինչև օրս արձանագրվել է վիրուսի 2 հազար 878 դեպք, մահացել է 171 մարդ:

«Զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ից: Այդ օրվանից բաց կլինեն բոլոր հյուրանոցները, իսկ հուլիսի 1-ից արդեն կիրականացվեն միջազգային ուղիղ չվերթներ դեպի հանգստավայրերը: Անվտանգությունն ապահովելու համար մեր հյուրերը կթեստավորվեն, կսահմանվեն առողջապահական ու հիգիենիկ պահանջներ, ինչը սակայն չի ստվերի Հունաստանի պայծառ արևն ու հրաշագեղ բնությունը»:

Ըստ կառավարության, վերաբացվող հյուրանոցներում անձնակազմը պարտադիր դիմակ ու ձեռնոց է կրելու, նախաճաշը մատուցվելու է սենյակներում, ծովափին էլ ամեն ինչ կազմակերպվելու է այնպես, որ պահպանվեն սոցիալական հեռավորության նորմերը:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ ի սկզբանե արգելելու են զբոսաշրջիկների մուտքն այն երկրներից, որտեղ վարակի տարածման բարձր ցուցանիշներ են արձանագրվում:

Ամիսներ շարունակված կարանտինից հետո բացվել են նաև իսպանական Մադրիդն ու Բարսելոնան: Այսօրվանից տեղի բնակիչները կարող են փողոց դուրս գալ, սրճարան գնալ ու հավաքներ անցկացնել` առավելագույնը տասը հոգու մասնակցությամբ:

«Շուտով մեզ կարող են նաև օտարեկրացիները միանալ», - հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը` պնդելով, թե նրանք արդեն իսկ կարող են ամրագրել տոմսերը: - «Արտասահմանցի հյուրերը կարող են արդեն այսօրվանից ծրագրել իրենց ուղևորությունը դեպի մեր երկիր: Հուլիսից Իսպանիան կվերաբացվի միջազգային զբոսաշրջության համար, բայց` անվտանգության որոշակի կանոններով»:

Թե հատկապես ինչ կանոններ են գործեկու, երբ և ինչպես` յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, սակայն այս պահին կարծես կա հանընդհանւոր համաձայնություն առաջ գնալ փոքր քայլերով և բացվել նախ այն պետությունների առջև, որոնք ունեն համաճարակային միանման պատկեր:

Առաջինն այս ճանապարհով գնացին Բալթյան երկրները: Լատվիան, Լիտվան ու Էստոնիան արդեն տասն օր է` մայիսի 15-ից, վերացրել են սահմանային արգելափակումները. մինչ այդ երեք երկրներում էլ կորոնավիորւսի օրական դեպքերը մեկ տասնյակը չէին գերազանցում:

«Հետագայում ևս որոշում կայացնելիս պետք է այս ցուցանիշներին հետևել», - հայտարարել էր Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն: - «Կարծում եմ, մենք պետք է ոչ թե դիտարկենք այս կամ այն երկրի աշխարհագրական դիրքն ու ֆիզիկական մերձավորությունը, այլ այդ երկրների համաճարակային իրավիճակը, և եթե այն անվտանգ է և նման մեր վիճակին, կարող ենք վերսկսել ուղիղ չվերթները նաև նրանց հետ»:

Նույն այս սկզբունքին հետևելով` հունիսի 1-ից միմյանց միջև սահմանափակումները կվերացնեն նաև Բուլղարիան, Հունաստանն ու Սերբիան: Ակնկալվում է, որ քիչ ավելի ուշ նրանց կմիանա նաև Ռումինիան:

Հունգարիան ու Սլովենիան առանձին «խումբ» են կազմել: Ի դեպ, Սլովենիայի իշխանությունները, որ Եվրամիությունում առաջինն էին հայտարարել համաճարակի դեմ արձանագրած հաղթանակի մասին, որոշել են նաև ներքին տուրիզմը խրախուսել. այս ամառ երկրի բնակիչներից յուրքանյուրը, ով կցանկանա հանգիստը հայրենիքում անցկացնել, կառավարությունից կստանա տուրիստական վաուչեր` երկու հարյուր եվրո արժողությամբ:

XS
SM
MD
LG