Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցածր վարկանիշի մասին փաստող օնլայն հարցումներից հետո բելառուսական լրատվամիջոցները զրկվեցին քաղաքական թեմաներով սոցհարցում անցկացնելու իրավունքից: Բելառուսի Գիտությունների ակադեմիան եկել է այն եզրահանգման, որ լրատվամիջոցների՝ քաղաքական նախասիրությունների թեմաներով առցանց հարցումները համարվում են «սոցիալ-քաղաքական իրավիճակի վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումներ», իսկ այդպիսիք 2012 թվականից սկսած երկրում կարող են անցկացվել միայն հատուկ հավատարմագրի առկայության դեպքում:
Այս որոշումը հաջորդում է բելառուսական մի շարք ոչ կառավարամետ լրատվամիջոցների կողմից անցկացված օնլայն հարցումներին: Նախագահական ընտրություններին ընդառաջ առցանց մամուլը փորձել էր պարզել լսարանի քաղաքական նախասիրությունները՝ ընթերցողներին հարցնելով նաև, թե ում կցանկանային տալ իրենց քվեն։
Այդ հարցումները, մեծ հաշվով, չէին բխում Բելառուսի երկարամյա նախագահի շահերից, ով ցանկանում է այս տարի վերընտրվել արդեն վեցերորդ ժամկետով:
Ընտրողների շրջանում, ըստ այդ հարցումների արդյունքների, Ալեքսանդր Լուկաշենկոյի վարկանիշը գահավիժել է: Բելառուսական աղբյուրների փոխանցմամբ՝ երկրի Գիտությունների ակադեմիայի փորձագիտական եզրակացությունը փաստաթուղթ է, որի օգնությամբ երկրի ներքին գործերի նախարարությունն այժմ կարող է տուգանել ցանկացած կայքի՝ քաղաքական բովանդակությամբ հարցումներ անցկացնելու համար:
Օգոստոսի 9-ին Բելառուսում նախատեսված են նախագահական ընտրություններ, մասնակցելու հայտ է ներկայացրել նաև երկիրը 1994 թվականից ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Անցած ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, նա ստացել է ավելի քան 83 տոկոս ձայն։ Առայժմ հստակ չէ, թե վեցերորդ անգամ ում հետ է մրցելու երկրի անփոփոխ առաջնորդը:
Վերջին օրերին մայրաքաղաք Մինսկում ու մի շարք այլ քաղաքներում հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել` մասնակցելու ընդդիմադիր թեկնածուների առաջադրման օգտին անցկացվող ստորագրահավաքին: Որոշ քաղաքներում ստորագրահավաքը վերածվել էր բողոքի ցույցի: