Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. Փաշինյանն ու Զելենսկին տաղանդավոր մարդիկ են


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Բելառուսում ոչ Փաշինյան կա, ոչ էլ Զելենսկի», - պնդում է Ալեքսանդր Լուկաշենկոն` մեկնաբանելով օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին երկրում իրադարձությունների հեղափոխական սցենարի հավանականությունը:

Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարեց երկուշաբթի օրը Մինսկում` Պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ:

«Հարևան պետության մի թերթ վերջերս գրոտել էր, թե մեզ մոտ նոր փաշինյաններ են հայտ եկել, նոր զելենսկիներ: Գրել էին, թե մեր երկրում տիրող իրավիճակը իբր Հայաստանի թե Ուկրաինայի կացությունն է հիշեցնում: Իրադրությունը տարբեր կերպ կարող է զարգանալ, բայց մեզ մոտ փաշինյաններ ու զելենսկիներ չկան: Ինչ էլ նախկինում կատարված լինի Հայաստանում կամ Ուկրաինայում, մեկ բան հստակ է` թե' Զելենսկին և թե' Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից ծանոթացել եմ, և նրանք անկասկած տաղանդավոր մարդիկ են ու ամենակարևորը` հայրենասերներ են: Նրանք իրենց երկրների նվիրյալներն են», - հայտարարում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ նաև համեմատությունը Հայաստանում և Ուկրաինայում իշխանության եկած ուժերի և բելառուսական ընդդիմության միջև միանշանակորեն վերջինի օգտին չէ:

«Որոշ մեր ընդդիմադիրներ ցանկանում են կոպեկներով վաճառել այն ամենը, ինչ ստեղծել է ոչ միայն նախագահ Լուկաշենկոն, իշխանությունը, այլև Բելառուսի ժողովուրդը: Դա հանդուրժել չի կարելի», - պնդում էր Լուկաշենկոն, հայտարարելով, թե երկրի իշխանությունները շատ լավ հասկանում են, «թե որտեղից են փչում քամիները»:

Որոշ ուժեր, ըստ Լուկաշենկոյի, ցանկանում են Բելառուսի տարածքում հեղափոխություն կազմակերպել: Նա, ի դեպ, ակնարկում էր, որ այդ ուժերը երկրի սահմաններից դուրս են գտնվում:

«[Ցանկանում են] փոքրիկ Մայդան կազմակերպել նախագահական ընտրությունների շեմին կամ էլ հենց ընտրությունների օրը՝ նայած թե ինչպես կստացվի: Ցանկանում եմ մայդանասերներին զգուշացնել` Բելառուսում Մայդան չի լինելու», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի այս կոշտ հայտարարությունները հնչեցին երկրի մոտ մեկ տասնյակ քաղաքներում տեղի ունեցած կիրակնօրյա իրադարձությունների հաջորդ օրը:

Մայրաքաղաք Մինսկում ու մի շարք մարզային և շրջանային կենտրոններում հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել` մասնակցելու ընդդիմադիր թեկնածուների առաջադրման օգտին անցկացվող ստորագրահավաքին: Որոշ քաղաքներում ստորագրահավաքն արագորեն վերածվեց չարտոնված ցույցի:

XS
SM
MD
LG