Բելառուսի ընդդիմությունը բոյկոտում է ամռանը նշանակված նախագահական ընտրությունները` հայտարարելով, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտրությունների անցկացումը խիստ անպատասխանատու և վտանգավոր քայլ է:
Անցած մեկ օրում Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի մոտավորապես հազար նոր դեպք, 7 մարդ է մահացել, այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 հազար 800-ի, մահացել է 142 մարդ:
Վիրուսը հասել է նաև ֆուտբոլիստներին. ֆուտբոլի առաջնության երկու խաղ հետաձգվել է, քանի որ թիմերի մի քանի խաղացողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Հետաձգվել են բարձրագույն առաջնության «Մինսկ» ֆուտբոլային ակումբի և Գրոդնոյի «Նեման»-ի մայիսի 15-ի հանդիպումը, ինչպես նաև առաջին դիվիզիոնի մայիսի 16-ի Դերժինսկի «Արսենալի» ու Գոմելի «Լոկոմոտիվի» հանդիպումը:
Ամբողջ Եվրոպայում ֆուտբոլի առաջնությունը միայն Բելառուսում է տեղի ունենում, այն էլ առանց սահմանափակումների` մարզադաշտերում հանդիսատեսի ներկայությամբ, և ընդհանրապես Բելառուսն աշխարհի եզակի երկրներից է, որ հենց սկզբից մինչև հիմա անտեսում է կորոնավիրուսի վտանգները, կարանտին չի հայտարարվել, սահմանները չեն փակվել, գործարանները, խանութները, դպրոցները, բոլոր հաստատություններն աշխատում են, ավելին` մայիսի 9-ին Մինսկում զինվորական մեծ շքերթ անցկացվեց:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ալեքսանդր Լուկաշենկոն իր նպատակներից չի շեղվում, պատրաստվում է հերթական անգամ մասնակցել հերթական նախագահական ընտրությանը: 1994 թվականից սկսած 26 տարի շարունակ Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է և մտադիր է նորից մնալ իշխանության ղեկին:
Նախագահական ընտրությունների օրը խորհրդարանն արդեն հաստատել է՝ օգոստոսի 9-ը:
Բելառուսի ամենահայտնի ընդդիմադիր կուսակցություններից մեկը` «Բելառուսական ազգային ճակատը», որը նաև քաղաքական առաջին կուսակցություններից է, գրանցվել է 1989 թվականին, հայտարարել է, որ չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտրություններ անցկացնելը Ազգային ճակատը համարել է անպատասխանատու և վտանգավոր քայլ: Ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ իշխանությունները քայլեր չեն կատարել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, քաղաքացիներին պատշաճ չեն տեղեկացնում, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում: Հայտարարությունում նշված է, որ իշխանությունների գործողությունները խորացրել և հստակ ցույց են տվել ներկայիս ավտորիտար ռեժիմի բոլոր վատթարագույն կողմերը:
«Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ լեգիտիմ ղեկավար է նախագահական մի քանի ժամկետների ընթացքում և իրավունք չունի նախագահի թեկնածու առաջադրվել ոչ միայն օրենքի հիման վրա, այլև առաջին հերթին որովհետև նրա հաջորդ ժամկետն աղետալի հետևանքներ կունենա պետության, տնտեսության, հանրության և բնակչության առողջության վրա»,- հայտարարել է Ազգային ճակատը:
Նրանք նաև մյուս կուսակցություններին, առաջնորդներին և ակտիվիստներին են կոչ արել թեկնածուններ չառաջադրել` գտնելով, որ առկա պայմաններում նախընտրական արշավին մասնակցելը կնշանակի հանցակից դառնալ բելառուսական ժողովրդի ապագայի կործանմանը, ոչ միայն ազատ ապագայի, այլև ֆիզիկապես գոյությանը:
Ձախամետ համարվող «Արդար աշխարհ» կուսակցությունը ևս ընտրությունների անցկացումը հանցավոր է համարել: «Կորոնավիրուսի սրընթաց տարածման պայմաններում առաջիկա երեք ամիսներին ընտրարշավի անցկացումը վտանգի տակ է դնում ահռելի մեծ քանակի մարդկանց կյանքն ու առողջությունը»,- հայտարարել է «Արդար աշխարհ» կուսակցության կենտրոնական կոմիտեն:
Ավելի վաղ բելառուսական 5 կուսակցություններ մտադիր էին միասնական թեկնածու առաջադրել և որոշել էին նրան ընտրել կուսակցությունների ներքին ընտրությունների միջոցով, բայց կորոնավիրուսի պատճառով հրաժարվեցին մարզերում պրայմերիներ անցկացնելու գաղափարից:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներն օրերս Մինսկի փողոցներում հարցումներ են անցկացրել` ո՞վ կարող է նախագահ դառնալ, ո՞ւմ են տեսնում այդ պաշտոնին:
Անցորդներից մեկն ասում է, թե դա կոչվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական ընտրությունները.- «Ուրիշ ի՞նչ տարբերակներ եմ տեսնում: Վաղուց մշակված համակարգ է, ամեն ինչ աշխատում է, 90 տոկոսով կքվեարկեն»:
Մեկ ուրիշի խոսքով. - «Կընտրվի մեր նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, ինչո՞ւ ոչ»:
Լրագրողի հարցին` գուցե ուրիշ տարբերակ էլ կա, ստանում է հետևյալ պատասխանը.- «Ուրեմն սպասենք, որ նրա որդին` Նիկոլայը մեծանա, այդ դեպքում ուրիշ տարբերակ էլ կլինի, իսկ հիմա` ոչ»: