Այսօր Մոսկվայում վերաբացվելու են առևտրի կենտրոնները, զբոսայգիները և փոքր բիզնեսը: Ռուսաստանի մայրաքաղաքը վերջին խոշոր քաղաքն է երկրում, որը երկու ամիս տևած կարանտինից հետո թուլացնում է սահմանափակումները:
Սահմանափակումների մեղմացումը Մոսկվայում հետևեց նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե կորոնավիրուսի համաճարակը երկրում հասել է գագաթնակետին: Ռուսաստանում այս վարակից զոհվել է շուրջ 4,7 հազար մարդ, վարակվել է ավելի քան 405 հազարը:
Մարդիկ կկարողանան տանից դուրս գալ կարճ ժամանակով՝գնումներ կատարելու, շների հետ զբոսանքի, առավոտյան ժամը 5-9-ն էլ կկարողանան մարզվել, բայց պետք է դիմակ կրեն՝ համաձայն նոր կանոնների: Մոսկվայի իշխանությունները, այդուհանդերձ, հայտարարում են, որ ռեստորանները, սրճարանները և կինոթատրոններն առայժմ փակ կմնան, և մինչև հունիսի 14-ը՝ մայրաքաղաքում կարանտինի ավարտը, թույլ չի տրվի զանգվածային միջոցառումներ անցկացնել:
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 6 միլիոն 170 հազարը, հիվանդությունից մահացել է ավելի քան 372 հազար մարդ, բուժվել՝ 2 միլիոն 642 հազարը:
Բրազիլիայում վարակի նոր դեպքերի և մահածների թվերը շարունակում են աճել:
Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների, մահացության ցուցանիշով Բրազիլիան չորրորդ տեղում է՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից հետո: