Նախագահ Սարգսյանը ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է զոհերի պաշտպանության համար:

«Ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, և դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:

Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաև Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:

Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին», - մասնավորապես ասված է նախագահականի հաղորդագրությունում:

«Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների և սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ և հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին», - շեշտում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

«Նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ և պատասխանատու կատարման գործընթացը և խստորեն հետևել դրան՝ ելնելով ընտանիքի և երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին», - նաև ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Լանզարոտի կոնվենցիան Ազգային ժողովը վավերացրել է մայիսի 11-ին՝ ձայների 79 կողմ, 14 դեմ հարաբերակցությամբ: