Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում քննարկվող երեխաների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիան միանշանակ չի ընդունվում


Ազզգային ժողովն այսօր քննարկեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության Եվրախորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրինագիծը։ Այն դեռևս նախորդ իշխանությունների օրոք էր ստորագրվել, բայց այդպես էլ չէր վավերացվել։

Ներկայացնելով օրինագիծը՝ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ասաց․ - «Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է մի շարք պարտավորություններ, որոնց թվում են՝ ձեռնարկել օրենսդրական կամ այլ տեսակի՝ ներառյալ կազմակերպական, քաղաքականության փոփոխման միջոցառումներ՝ ապահովելու համար կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի, հանգստի ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանությունը ու նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկումը»։

Կոնվենցիան արդեն վավարեցրել են Եվրախորհդրի անդամ պետությունների մեծ մասը։ Քրիստինե Գրիգորյանը նաև վիճակագրություն բերեց. 2017 թվականին Հայաստանում երեխաների նկատմամբ իրականացված հանցագործության դեպքերի առթիվ 265 քրեական գործ է հարուցվել, որից 101-ը՝ սեռական բնույթի, 2018-ին հարուցված 317-ից՝ 76-ը, իսկ 2019-ի առաջին կիսամյակի 209 գործերից՝ 51-ը։

«Հեքիաթից ու կաթից նոր կտրված էրեխուն ուրիշ բան չունենք սովորեցնելու, պիտի սեռական շահագործումից պաշտպանելը սովորեցնե՞նք», - վրդովվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա վիճահարույց դրույթներ է տեսում օրինագծում․ - «Մեր ազգային մեթալիտետին հակացուցված է։ Ես դա որպես բազմազավակ հայր եմ ասում․․․․ [կտրականապես դեմ եմ] որ մեր էդ տարիքի երեխաների միտքը, էդ մաքուր մտածողությունը պղտորենք նման երևույթների մասին իմացությամբ»։

«Իմ քայլից» Մարիա Կարապետյան շեշտեց, թե կոնվենցիան տարրական դասարաններում սովորողների կրթության մասին չէ, 50 հոդվածից միայն մեկն է երեխաների ուսուցմանը վերաբերում․ - «Պատրաստվում ենք այլ բան ասել։ Այս կրթական բաղադրիչը պետք է ապահովի, որ երեխաները սովորեն, թե ինչպիսի վաղ նշանները կարող են հուշել, որ իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ կա վտանգ, և ինչ գործողություններ պետք է նրանք ձեռնարկեն պաշտպանվելու կամ օգնություն խնդրելու համար մեծահասակներից»։

Արդարադատության փոխնախարարն արձագանքեց Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հնչող այն տեսակետին, թե երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Քրեական օրենսգիրքն արդեն իսկ խիստ պատիժներ է սահմանում։ Նա համաձայնեց, սակայն ասաց, որ մասնավորեցումներ են անհրաժեշտ․ - «Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երեխաների հետ հանդիպումներ փնտրելը կամ որոնք հաջորդել են կոնկրետ գործողություններ․ նման հանցակազմ նախատեսելու անհրաժեշտություն։ Բայց կարևորապես պետք է նշել, որ միայն Քրեական օրենսդրությամբ էստեղ չպետք է բավարարվել»։

Չնայած փոխնախարարի ու իշխանական պատգամավորների պարզաբանումներին՝ «Բարգավաճ Հայաստանին»-ից Արման Աբովյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն վտանգներ է տեսնում կոնվենցիայի որոշ դրույթների մեջ․ - «Մենք իրավունք չունենք նույնիսկ թույլ տալ, որ լինի ինչ-որ մի հնարավորություն, որ հանկարծ նախակրթական կամ դպրոցներ մանկապղծության՝ չակերտներում, պայքարի դեմ մտնեն այն երևույթները կամ այն այսպես կոչված ՀԿ-ները, որոնք կքարոզեն հենց հակառակը»։

Արաման Աբովյանին իմքայլական Մխիթար Հայրապետյանն արձագանքեց. - «Այսօր էլ ձեր մտահոգությունները, անկախ նրանից կոնվենցիան կընդունվի թե ոչ, էդ մտահոգությունները կարող են լինել։ Բայց մի բան է, որ նախարարությունը և մենք՝ որպես վերահսկողներ, ունենք բոլոր լծակները ձեր խոսքում նշված բոլոր մտահոգությունները փարատելու և մեր պատկերացրած ձևով այդ կրթական ծրագրերը իրականացնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG