Հարությունյանը հակադարձում է Ալիևին. «Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»

Եթե Ադրբեջանի նախագահն ուժի միջոցով ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհն է ընտրել, «մենք պատրաստ ենք», - այսօր հայտարարեց Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հակադարձեց ադրբեջանական պետության ղեկավարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին՝ ասելով. - «Իլհամ Ալիևը հերթական իր հայտարարություններն է կատարել, իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա վայել քաղաքական գործչի հայտարարություն էլ չի եղել, մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և նաև ուզում եմ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ է՝ այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»:

«Կամ՝ «մեր հին քաղաք Իրևանը տվել են Հայաստանին»: Դա չի կարելի ներել: Դուք հնարավորություն ունեք չակերտավոր ձեր պատմական անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար», - հայտարարեց Հարությունյանը:

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես՝ փուլային, որ միայն այդ տարբերակն է, իհարկե փուլային կարող է լուծվել, բայց փուլային լուծումը մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝ անվտանգության մեր երաշխիքների ընդունում, որից հետո արդեն՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու», - շեշտեց Արցախի նախագահը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պարտականությունները ստանձնել է մայիսի 21-ին Շուշիում կայացած երդմնակալության արարողությամբ: