Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել


ՊԲ զինծառայողները զորավարժության ժամանակ, 22-ը ապրիլի, 2020թ.
ՊԲ զինծառայողները զորավարժության ժամանակ, 22-ը ապրիլի, 2020թ.

Լայնածավալ զորավարժությունների վերջին օրը՝ երեկ, ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիքերից մեկի ուղղությամբ՝ այսօր տեղեկացրել է Արցախի ռազմական գերատեսչությունը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է։

«Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական Trend լրատվամիջոցը, հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, առավոտյան հայտնել է, որ անցած օրվա ընթացքում հայկական զինված ուժերը 24 անգամ խախտել են հրադադարը՝ կիրառելով այդ թվում խոշոր տրամաչափի գնդացիրներ։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման ձախողված փորձը վկայում է հայկական Զինված ուժերի բարձր պատրաստվածության մասին։

«Մեր Զինված ուժերը աչալրջորեն հետևել են նրանց զորավարժություններին, և Պաշտպանության բանակը իր մարտական հերթափոխության ընթացքում աչալուրջ պատրաստ է եղել ցանկացած դիվերսիոն գործողությունների դեպքում կանխել այդ թափանցումները: Արդյունքում եղել է այն պատասխանը, որ մենք այսօրվա հաղորդագրության մեջ տեսանք, որ փորձը կանխվել է, հակառակորդը կրել է կորուստներ, հայկական կողմը չունի կորուստներ: Դա նշանակում է, որ մենք նման բաներին այսօր շատ ավելի պատրաստված ենք, քան գուցե եղել է նախկինում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

«Ազատության» հարցին, որ դիվերսիոն ներթափանցման փորձերը տեղի ունեցան Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողություն ֆոնին, կապ տեսնո՞ւմ է այստեղ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես ինքս էլ եղել եմ Արցախում և վստահ եմ, որ ամեն ինչ անվտանգության տեսանկյունից Զինված ուժերի առումով՝ Պաշտպանության բանակի գործողությունների մեջ է, որպեսզի երկրի անվտանգությունը բարձր մակարդակով իրականացվի և մշտական ռեժիմում՝ ամեն վայրկյան, ամեն ժամվա և օրվա ռեժիմով: Ինքներս էլ այսօր տեսանք այսօրվա հաղորդագրության մեջ, որ այնուամենայնիվ հակառակորդն ինչ-որ փորձ է արել և ստացել է պատասխան: Եթե մենք պատրաստ չլինեինք, կունենայինք պրոբլեմներ, ինչպես ունեցել ենք 16 թվականին»:

Լեռնային Ղարաբաղի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի մայիսի 21-ի երդմնակալությանն ընդառաջ՝ մայիսի 18-ին Ադրբեջանում մեկնարկեցին լայնածավալ զորավարժություններ, որոնց, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, մասնակցել են մինչև տասը հազար զինծառայողներ, 120 միավոր տանկ ու զրահամեքենա, 200 միավոր հրթիռա-հրանոթային տարբեր համալիրներ, ականանետներ և օդուժի 30 միավոր։

Այդ զորավարժություններից օրեր առաջ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Նշելով, որ զորավարժության բնույթը բացառապես հարձակողական է, ռազմական գերատեսչությունն ընդգծում էր. «Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»։

Մայիսի 19-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկեցին լայնածավալ մարտավարական զորավարժություններ՝ հրթիռների արձակման կայանքների ու «Սմերչ» համակարգերի ներգրավմամբ։

XS
SM
MD
LG