Հաղթանակի 75-ամյակի շքերթին ընդառաջ Ռուսաստանում կթուլացվեն սահմանափակումները

Չնայած վերջին օրերին կորոնավիրուսից մահացածների թիվը Ռուսաստանում ռեկորդային ցուցանիշներ է արձանագրում, երկրի քաղաքացիների մեկ երրորդը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի վտանգը չափազանցված է կամ հորինված: Այս մասին են վկայում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի անցկացրած հետազոտության արդյունքները:

Նրանում, որ համաճարակ չկա, վստահ է հարցմամբ ընդգրկվածների 43 տոկոսը, իսկ գրեթե 10 տոկոսը կարծում է, որ վտանգը չափազանցված է: Ընդ որում, ամենից շատ` հարցվածների շուրջ 41 տոկոսը կորոնավիրուսը հորինված են համարում Ռուսաստանի հարավում ապրողները:

Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի մասին անդադար խոսում են դաշնային հեռուստաընկերությունների եթերում, իսկ Ռուսաստանի ռեգիոնների մեծ մասում գործում են կարանտինի խիստ կանոններ:

Հարցման արդյունքներն այսօր մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով վարակվել էր և ապաքինվելուց հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:

Նա ասել է, թե կորոնավիրուսը հորինված են համարում նրանք, ովքեր «չեն ցանկանում նայել չորս կողմը և ուշադրությամբ ուսումնասիրել համաճարակի մասին տեղեկատվությունը»:

Օրինակ բերելով սեփական փորձը` Պեսկովը հավատիացրել է, որ կորոնավիրուսը իրական է:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ, վարակվել է 8 հազար 371-ը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսի վարակման ավելի քան 370 հազար դեպք: Անկախ փորձագետները համոզված են, որ պաշտոնական վիճակագրությունը չի համապատասխանում իրական պատկերին, և վարակվածների և մահացածների մասին տվյալները վիճահարույց են: Նրանք կարծում են, որ այդ թվերը նվազեցված են:

Ռուսաստանում վարակի էպիկենտրոնը շարունակում է մնալ Մոսկվան: Նախագահ Պուտինը շաբաթասկզբին հայտարարել էր, որ համավարակի տարածումը կայունացվել է, և իշխանությունները մտադիր են հունիսի 24-ին անցկացնել Մեծ հայրենականում հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթ, իսկ հունիսի 26-ին` «Անմահների գունդ» բազմահազարանոց երթը:

Սակայն Մոսկվային քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երեկ մինչև հունիսի 14-ը երկարաձգել է մայրաքաղաքում գործող անցագրային ռեժիմը: Որոշ սահմանափակումներ հանվել են, այդ թվում` Մոսկվայում: Մասնավորապես, հունիսի 1-ին բացվելու են բոլոր ոչ-մթերային խանութները, սակայն գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, կրթական հաստատությունները, ռեստորանները դեռ անորոշ ժամանակով փակ են մնալու: Մոսկվացիներին Սոբյանինը թույլատրել է զբոսնել այգիներում, բայց` միայն իրենց բնակավայրի հարևանությամբ (2 կիլոմետր շառավղով) գտնվող այգիներում, և միայն հերթով: Այսինքն` քաղաքապետարանի կայքում հրապարակվելու է ցուցակ, որում նշված է լինելու, թե այս կամ այն շենքի բնակիչը երբ կարող է դուրս գալ զբոսանքի, այն էլ` շաբաթական երեք անգամ:

Ռուսաստանցիներն անհեթեթ են համարում Սոբյանինի այս որոշումը` այն քննադատելով համացանցում:

Սոբյանինի որոշմանն անդրադարձել է նաև Պեսկովը: Ի պատասխան լրագրողների հարցին, նա ասել է, թե չի ուզում միջամտել նահանգապետերի լիազորություններին, նաև ընդգծել է, որ Մոսկվան կորոնավիրուսի դեմ պայքարում ամենաարդյունավետ քաղաքներից է աշխարհում:

Միաժամանակ Ռուսաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ հունիսի 24-ին և 26-ին կազմակերպելու են բազմահազարանոց միջոցառումներ:

Բացի այդ, Կրեմլը հուլիսի 1-ին կամ 8-ին մտադիր է անցկացնել սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկությունը: Սա նշանակում է, որ հանվելու են նաև տրանսպորտի հետ կապված սահմանափակումները, և միլիոնավոր մոսկվացիներ նորից սկսելու են երթևեկել մետրոյով:

Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսին «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է. – «Ամենայն հավանականությամբ, հուլիսի 1-ին կամ առնվազն հուլիսի 8-ին կկայանա սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, և մինչև այդ Սոբյանինը, ցանկացած պարագայում, պետք է չեղարկի անցագրային ռեժիմը»:

Բելկովսկին հավելել է, որ իշխանությունները շտապում են քվեարկությունն անցկացնել գոնե հուլիսին, քանի որ ենթադրում են, որ աշնանը կլինի կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը:

Փորձագետները համարում են, որ Պուտինի նվազող ռեյտինգի ֆոնին Կրեմլը, անտեսելով համաճարակի հետ կապված վտանգները, ուզում է հնարավորինս շուտ անցկացնել Պուտինի իշխանությունը մինչև 2036 թվականը երկարաձգող հանրաքվեն: