Մատչելիության հղումներ

Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթը Մոսկվայում կանցկացվի հունիսի 24-ին


Պաշտոնական վիճակագրության համաձայն, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվողների թիվը երկրորդ օրն անընդմեջ նվազում է: Վերջին մեկ օրում 8 հազար 338 նոր դեպք է հայտնաբերվել: Համաճարակը սկսվելուց ի վեր Ռուսաստանում գրանցվել է վարակման շուրջ 370 հազար 680 դեպք:

Իշխանությունները պնդում են, որ անցկացրել են կորոնավիրուսի մոտ 9,5 մլն լաբորատոր թեստ, 255 հազար` միայն վերջին մեկ օրում:

Վարակման նոր դեպքերը նվազում են, իսկ մահացածների թիվն ավելանում է: Մասնագետները սա նորմալ են համարում:

Վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 161 հիվանդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 3 հազար 968-ի: Վարակից մինչև այսօր ապաքինվել է ավելի քան 142 հազար մարդ:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը պարբերաբար քննադատվում է անկախ հետազոտողների կողմից, ովքեր կասկածում են, որ այն կարող է թերի լինել, սխալ և մասամբ կեղծված: Իշխանությունները հերքում են այս մեղադրանքները:

Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ ինքնամեկուսացած ռեժիմով էր ապրում և աշխատում շուրջ երկու ամիս, առաջին անգամ եկել էր Կրեմլ և անգամ ոչ հեռավար խորհրդակցություն էր անցկացրել: Փորձագետները սա համարեցին ազդակ, որ իշխանությունները մտադիր են թուլացնել կարանտինային ռեժիմը Ռուսաստանում և Մոսկվայում:

Մայիսի 26-ին Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարեց Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթն անցկացնել հունիսի 24-ին: Սա նշանակում է, որ գոնե հունիսի կեսերից իշխանությունները պետք է չեղարկեն կարանտինային սահմանափակումները:

Ի դեպ, արդեն հայտնի է, որ շքերթին ներկա գտնվելու համար Մոսկվա են ժամանելու Ղազախստանի և Մոլդովայի նախագահները:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի իրենց աղբյուրներին, գրել էին, թե Պուտինը մտադիր է նույն օրը` հունիսի 24-ին անցկացնել նաև սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը: Պուտինը, սակայն, հայտարարել է միայն շքերթի մասին, իսկ համաժողովրդական քվեարկությունը, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հնարավոր է անցկացնեն հուլիսի 1-ին կամ 8-ին:

Քվեարկության դրվելիք սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետները` թույլ տալով Պուտինին 2024 թվականին հինգերորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG