Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7 հազար 113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3 հազար 145-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 51 հազար 594 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
«Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է», - նաև ասված է հաղորդագրությունում:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 87-ի, կորոնավիրուսով վարակված ևս 39 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 842 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը մեկ օրում մինչ այժմ 374-ն էր, որն արձանագրվել էր մայիսի 22-ին: