Հիվանդանոց դիմում են հիմնականում նրանք, ովքեր չեն կարողանում այլևս ինքնուրույն պայքարել. բժիշկ-վարակաբան

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց դիմում և նմուշառվում են բացառապես կլինիկական դրսևորումներ և գանգատ ունեցող մարդիկ, և նրանց շրջանում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումն այստեղ անցնում է 200-ից: Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ժամանակ հայտնեց հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Նաիրա Ստեփանյանը։ Ըստ նրա` օրական միջինը 250 նմուշառում է արվում, նախկինում այդ թիվը մոտ 100 էր:

Բժիշկը նշեց, որ Հայաստանում ևս 3 լաբորատորիա է կատարում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում և հետազոտություն:

Նաիրա Ստեփանյանն ասաց` օրինակ` «Նորքի» հիվանդանոց են դիմում հիմնականում նրանք, որոնք մեկ շաբաթ արդեն տանն են, չեն կարողանում այլևս ինքնուրույն շնչել, պայքարել հիվանդության դեմ ինքնուրույն, և այդ ընթացքում էլ նրանք հասցնում են վարակել իրենց հարազատներին: Հետևաբար, ըստ մասնագետի` վարակակիրների թիվն ավելանալու է, և հավանական է, որ ինչպես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին ասել, արդեն հունիսի 12-ին դեպքերի թիվը հասնի 20 հազարի:

Ինչ վերաբերում է նրան, որ ասիմպտոմ դեպքերը այլևս բուժում են ստանում տանը, ապա բժիշկ-վարակաբանը նկատեց.- «Վիճակը դժվարին է այնքանով, որ այո հիվանդանոցներում տեղ չկա, ու հիվանդանոցային բուժում պետք է ստանան դրա կարիքն ունեցող պացիենտները, սակայն անախտանիշ պացիենտները ևս հսկողության տակ պետք է լինեն իրենց տեղամասային թերապևտի հսկողության տակ, վարակվելուց 2-րդ շաբաթվա ընթացքում նրանց մոտ կարող է զարգանալ հիվանդության բնորոշ ախտանիշներից մեկը, օրինակ` թոքաբորբ»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.