Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նոր «ռեկորդ» է սահմանվել


Կորոնավիրուսի ևս 374 նոր դեպք, ևս 3 մահ. մահացածները 86 և 54 տարեկան կանայք են և 74 տարեկան տղամարդ, հաղորդվում է, որ ունեցել են քրոնիկ հիվանդություններ։ Մահացել է ևս 4 մարդ, որոնք ունեցել են կորոնավիրուս, սակայն ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, «մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով»: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում 32 է, իսկ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը` արդեն 77։

«Ուղղակի կորոնավիրուսով վարակվելը որոշակի պրոցեսների արագացման կամ սրացման պատճառ կարող է դառնալ և, ցավոք սրտի, ունենանք մահվան ելք: Այս հիվանդությունը կարող է պատճառ դառնալ բուն հիվանդության խորացման, նաև թոքաբորբերի բարդության»,- ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Բուժվածների թիվն ավելացել է 62-ով, հասել 2 հազար 936-ի, այս պահին փաստացի բուժվողները 3 հազար 257-ն են։ Նրանցից 27-ին միացված են շնչառական սարքեր, ծայրահեղ ծանր են 54-ը, ծանր՝ 232-ը։ Երեկ հաստատված 374 դեպքերի թվով Հայաստանը նոր «ռեկորդ» է սահմանել.- «Հիմնականում գերակշիռ մասն այս դեպքերի կազմում են այն պացիենտները, ովքեր շփում են ունեցել հաստատված դեպքերի հետ, նաև իհարկե այս համաճարակաբանական վերլուծության արդյունքների փաստարկներով ունենք, որ մեկ հիվանդն ասենք ընտանիքի անդամներին է վարակել, և նաև ունենք օջախայնություն` ընտանեկան դեպքերով»:

Կորոնավիրուսին հատկացված վերակենդանացման բաժանմունքներում եղած 202 մահճակալներից 152-ն երեկվա դրությամբ զբաղված էին։ Ինչպես նշեց նախարար Արսեն Թորոսյանը, ազատ այս 50 մահճակալների զբաղեցման դեպքում կա պլան Բ՝ կորոնավիրուսի բուժման գործում ներգրավել երկրի բոլոր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները, սակայն դա իր հերթին այլ վտանգներ ունի.- «Դա կարող է լինել անխուսափելի ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր: Դա իհարկե ստիպված քայլ կլինի, բայց նաև իր հետ բերելու է ավելի վատ ինչ-որ առումով սցենարների բուժաշխատողների վարակվածության առումով, հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, և իրենց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա նաև կորոնավիրուսով»:

Ամեն ինչ կախված է վարակված մարդկանց վարքագծից

Մայիսի սկզբից գրեթե ամբողջությամբ տնտեսական գործունեության սահմանափակումները վերացրած Հայաստանում արդեն հանդիպում են արտադրամասերում վարակի նոր դեպքեր, ասում է համաճարակաբան Լիանա Թորոսյանը՝ հիշեցնելով` մեկ մարդը կարող է փակ տարածքներում մի քանի անգամ տասնյակ մարդկանց վարակել, եթե չպահպանի պարետատան պահանջները.- «Ռիսկը բավականին բարձր է: Իհարկե, արտադրություններ կան, որոնք ավելի շատ սրտացավ են մոտենում, արտադրություններ էլ կան, որ ինչքան էլ միջոցառումները ձեռնարկես, բայց գաղտնի շրջանով տվյալ աշխատակիցը, գալով աշխատանքի կարող է վարակված լինելով, բայց չունենալով ախտանշան, դառնալ վարակի աղբյուր»:

Հայաստանում մինչև այս շաբաթ կորոնավիրուսով վարակված բոլոր մարդիկ գտնվել են հիվանդանոցներում, երեկվանից սակայն թեթև կամ առանց ախտանշանների հիվանդությունն անցկացնող մարդիկ ուղարկվել են տուն։ Համաճարակային ի՞նչ նոր վիճակ կստեղծի այս որոշումը, և հնարավոր է արդյո՞ք օրական դեպքերի թիվն էլ ավելի մեծանա, հետաքրքրվեցինք Լիանա Թորոսյանից։ Ըստ նրա` դեռևս վաղ է ասել, քանի որ ամեն ինչ կախված է վարակված մարդկանց վարքագծից։

Ինձ թվում է` ես վարակվել եմ սուպերմարկետից​. Տաթևիկ Ավետիսյան

27-ամյա Տաթևիկ Ավետիսյանը պատմում է, որ մինչև հիվանդանոց գնալը տանը 4 օր հազ է ունեցել, տան անդամներին, սակայն, չի վարակել.- «Ես ընտանիքիս անդամների հետ եղել եմ 4 օր վատ վիճակում, բայց չեմ վարակել, քանի որ պահել եմ հիգիենան, այսինքն` երբ որ հազ կար ինձ մոտ, ես անընդհատ անձեռոցիկով եմ հազացել, ախտահանել եմ ձեռքերս»:

Խրոնիկ հիվանդություններ չունեցող երիտասարդն ասում է՝ կորոնավիրուսի հետևանքով երկկողմանի թոքաբորբ է ունեցել, ընդհանուր առմամբ վիրուսն իր պարագայում ծանր է ընթացել.- «Ինձ թվում է` ես վարակվել եմ սուպերմարկետից, այն մարդիկ, ովքեր չեն պահում տարրական հեռավորությունը, դիմակ չեն կրում, ես այսօր էլ շատ խանութներում եմ նայում, հենց խանութի աշխատողներն իրենք էլ չեն պահում դա, ես շատ նյարդայնանում եմ, բայց ոչինչ չունեմ ասելու»:

Համաճարակաբան Լիանա Թորոսյանի դիտարկումներով` դիմակ կրելու ու խմբերով չհավաքվելու պարետատան պահանջները չեն կատարում հատկապես երիտասարդները, որոնք հեշտությամբ կարող են վարակել ավագ սերնդի ընտանիքի անդամներին.- «Երիտասարդության խնդիրն է այսօր, խնդիրն է, որպեսզի զգոն և աչալուրջ լինեն իրենց հարազատների, իրենց շրջապատի տարեցների, խրոնիկ հիվանդների, իրենց ծնողների, տատիկների-պապիկների առողջությանը»:

XS
SM
MD
LG