Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո կազմակերպված ընդունելությանը ելույթ ունենալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, այդ իրադարձությունների հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան խնդրի լուծման վրա, ինչպես նաև Ղարաբաղի քաղաքական ուժերի արձագանքին:
Փաշինյանն ընդգծեց՝ զուր են ժողովրդական հեղափոխությունը Արցախյան ազատամարտին հակադրելու բոլոր փորձերը։ Ավելին, ըստ Փաշինյանի, Հայաստանում տեղի ունեցած 2018-ի ժողովրդական հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը։
«Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը անխուսափելիորեն և հրամայաբար պետք է բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման», - հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան նշեց, թե ի սկզբանե իր դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ, քանի որ հայ ժողովրդի մի հատվածը չի կարող հակադրվել մյուս հատվածին: Փաշինյանն ընդգծեց, Արցախում այսօր իշխանության են եկել այն ուժերն ու գործիչները, ովքեր իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել հեղափոխությանը։
«Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակցիների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությունը: Թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Ի դեպ, խոսելով արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին, Փաշինյանը անկեղծացավ՝ Հայաստանում 2018 -ի ժողովրդական հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Սահակյանը: Ընդ որում, այդ վիճակն, ըստ Փաշինյանի, դժվար է եղել քաղաքական, բարոյական, մարդկային և թե պետական իմաստներով, լի բազմաթիվ որոգայթներով։ Ամեն դեպքում, Փաշինյանի խոսքով, իրենք հաղթահարել ենք այդ բոլոր խոչընդոտները և հիմա կարող է ասել, որ ի դեմս Բակո Սահակյանի` ձեռք է բերել վստահելի ընկեր և բարեկամ։
Արձագանքելով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե Արցախում իշխանության են եկել այն ուժերը, ովքեր աջակցություն են հայտնել հեղափոխությանը, Ղարաբաղյան ընտրություններին մասնակցած «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, Հայկ Խանումյանը հակադարձում է՝ Արցախում իշխանության են եկել օլիգարխիկ ուժերը՝ ի դեմս նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, ով կապված էր Սերժ Սարգսյանի ընտանիքի կոռուպցիոն սխեմաների հետ։
Ընդդիմադիր գործիչը նկատում է՝ Հայաստանի և Ղարաբաղի իշխանական էլիտաները մշտապես ընկերանում են, ինչից սակայն Արցախի հանրությունը չի շահում։
«Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ միասին կոռուպցիոն սխեմաներում կապված, եթե այդ ուժերը աջակցել են հեղափոխությունը, բոլորովին ուրիշ հարցեր են առաջանում: Արայիկ Հարությունյանը դասական օլիգարխիկ քաղաքական գործիչ է, օլիգարխ է և այսօր էլ փաստացի Արցախում օլիգարխի իշխանություն է հաստատվել», - նշեց Խանումյանը:
Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանին հարցրեցինք՝ հաշվի առնելով վարչապետի ելույթը, արդյոք իրենց համարո՞ւմ են Հայաստանի հեղափոխական կառավարությանը աջակցած ուժ։
«Եկեք այսպես ասենք էլի, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ժողովրդական հեղափոխություն, որը իրականացրել են Հայաստանի քաղաքացիները: Այն, որ այսօր ընտրված է լեգիտիմ իշխանություն, դա անվերապահորեն ընդունվում է Արցախի իշխանությունների, Արցախի ժողովրդի կողմից», - պատասխանեց Հարությունյանը:
Հարցին, թե կիսո՞ւմ են Հայաստանի վարչապետի համոզմունքը, որ 2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, Արթուր Հարությունյանը պատասխանեց, թե իրենք կարևորում են Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, հակամարտությունը չի կարող լուծվել։
«Ասում ենք, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման այդ հարցը չի կարող լուծում ստանալ: Այսինքն հողեր խաղաղության դիմաց բանաձևը չի կարող կյանքի կոչվել: Դրա մասին Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ նշել են», - ասաց Արթուր Հարությունյանը: