Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը ստանձնում է Արցախի նախագահի պարտականությունները


Արցախում այսօր իր պարտականություններն է ստանձնում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, նաև առաջին նիստն է գումարել նորընտիր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում շեշտում է, որ Արցախում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախը «կայացած ժողովրդավարական պետություն է», հայտարարում է Հայաստանի նախագահը՝ շարունակելով. - «Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական և վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական և ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում»:

«Նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է», - ասված է ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Արմեն Սարգսյանն առանձնակի շնորհակալություն է հայտնում իր լիազորություններն ավարտող Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին, շնորհավորում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի նոր խորհրդարանը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ և Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։

«28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո ևս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, և ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաև հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին», - նաև ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին մարտի 31-ին, ապրիլի 14-ին կայացավ նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Նախագահական ընտրություններում հաղթեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանականում՝ նրա գլխավորած «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» նորաստեղծ քաղաքական ուժը:

XS
SM
MD
LG