Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Պատերազմի սպառնալիքները չեն կարող ազդել հայկական կողմերի դիրքորոշումների, Արցախի ժողովրդավարության վրա


Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա: Այսպես է արձագանքել Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը:

«Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - շեշտել է Նաղդալյանը իր մեկնաբանությունում, որը հրապարակել է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ հրապարակած հայտարարությունում, մասնավորապես, «սադրանք» է որակել թե՛ Արցախում այս տարի անցկացված ընտրությունները, թե՛ նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ պնդելով նաև, թե այդ արարողությանը Հայաստանի վարչապետի մասնակցությունը «սև բիծ է իրեն ժողովրդավար ներկայացնող մարդու վարկի վրա»: «Պատերազմը դեռ ավարտված չէ, և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել բոլոր անհրաժեշտ եղանակներով», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նաև հայտարարել էր պաշտոնական Բաքուն՝ հավելելով. - «Թող ոչ ոք չկասկածի, որ օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:

Հիշեցնենք՝ Արցախում այսօր իր պարտականություններն է ստանձնում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, նաև առաջին նիստն է գումարել նորընտիր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը։

XS
SM
MD
LG