Թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը. Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցության համար:

«Ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա», - ասել է Արցախի նախագահը:

Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու և պաշտոնամուտի առիթով:

«Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ, և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի», - հայտարարել է Փաշինյանը:

«Միանշանակ համակարծիք եմ, պարոն վարչապետ: Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ, և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ», - ընդգծել է Արցախի նախագահը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

Նախօրեին Շուշիում Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը հաջորդած ընդունելության ժամանակ իր ելույթում Հայաստանի վարչապետը մասնավորապես հայտարարել է. - «Այսօր մենք հավաքվել ենք Արցախյան ազատամարտի ամենավառ սիմվոլի՝ Շուշիի այս հոգեթով անկյունում, իրականացնելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի` Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությունը: Սա Արցախի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված պարտադիր արարողություն է, բայց արարողության տեղը և ժամանակաշրջանն առանձնահատուկ սիմվոլիզմ են հաղորդում նրան, առանձնահատուկ իմաստ»:

«Իմ պատկերացմամբ, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն, և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով»:

«Սա չափազանց կարևոր, չափազանց կարևոր նրբություն է, որ ուզում եմ բոլորս արձանագրենք: Մտածողության փոփոխությունն էր, որ բերեց 2018 թվականի ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխության, իսկ մտածողության այդ փոփոխությունը մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթական արդյունքով և հաղթական արդյունքից», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն իզուր են, և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը», - վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը:

«Ի սկզբանե իմ դիրքորոշումը եղել է այն, որ Արցախը չպետք է լինի ոչ հեղափոխության, ոչ էլ հակահեղափոխության թատերաբեմ: Արցախը չէր կարող լինել հակահեղափոխության թատերաբեմ, որովհետև մեր ժողովրդի մի հատվածը ի բնե որևէ սցենարով չի կարող և չէր կարող հակադրվել մեր ժողովրդի մյուս հատվածին:

Արցախը հեղափոխության թատերաբեմ դառնալու կարիք չուներ էլ, որովհետև ինչպես ասել եմ, Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր և հետո՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասնակիցների մեջ կային ուժեր և թեկնածուներ, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը, իրենց աներկբա և միանշանակ աջակցությունն ու լոյալությունը հայտնել Հայաստանի ժողովրդական կառավարությանը:

Թե՛ խորհրդարանական և թե՛ նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել հենց այս ուժերը, և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի:

Այսպիսի ընտրությունը նշանակում է, որ չնայած հենց բուն Արցախում հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց Արցախն ամբողջությամբ և աներկբայորեն հեղափոխության մաս է, և Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքներով արտահայտել է բարեփոխումներ իրականացնելու, բարեփոխումների քաղաքական ուղեգիծ որդեգրելու իր աներկբա կամքը: Այս առումով, Արցախի նորընտիր իշխանությունը, Հայաստանի և Արցախի իշխանությունները միասնական և հավաքական պատասխանատվություն ունեն հայ ժողովրդի առաջ՝ բարեփոխումներ իրականացնել Հայաստանում, բարեփոխումներ իրականացնել Արցախում», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը: