Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից առողջացածների թիվը գերազանցել է նոր դեպքերինը

Անցած օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակվածության 230, իսկ մահվան՝ 3 դեպք է արձանագրվել։ Առողջացել է ռեկորդային մեծ թվով՝ 255 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում այս պահին նոր կորոնավիրուսով վարակված 5 հազար 271 մարդ կա, հիվանդանոցներում ու հյուրանոցներում բուժում է ստանում 2 հազար 758-ը, մահացել է 67-ը։ Կատարվել է շուրջ 44 հազար 71 թեստ:

«Երեկվա ընթացքում օրվա թեստավորումների թիվը կազմում է 1030: Մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ պացիենտները եղել են 78, 65, 68 տարեկան, բոլորը՝ տղամարդ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - նշեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Վարակվածության 7 դեպք է գրանցվել նաև շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում, աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: 160 աշխատակից և նրանց ընտանիքի անդամներն ինքնամեկուսացված են։ Մարզպետ Հայկ Չոբանյանն «Ազատության»-ն ասաց՝ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրամասեր ունի Չորաթան, Արծվաբերդ և Բերդ համայնքներում, տվյալ երկու արտադրամասերը Բերդում են գործում։ Ընդհանուր առմամբ, ըստ Չոբանյանի, մարզում կա 31 վարակակիր։

«Բոլորն իրենց լավ են զգում, որևէ արտառոց իրավիճակ չկա այդ առումով, հույսով ենք, որ կապաքինվեն: Մենք, գործարարի հետ պայմանավորվածությամբ, արտադրամասերը փակել ենք որոշակի ժամանակաշրջանով: Հուսով եմ, որ մենք, այնուամենայնիվ, կարողացել ենք օղակը սեղմել, և հսկողության տակ է ամեն ինչ, այս պահի դրությամբ դեռևս անհանգստանալու ոչինչ չկա, կտեսնենք նաև թեստավորման արդյունքները մյուս աշխատակիցների, ըստ այդմ գուցե լրացուցիչ ավելի խիստ կանոնների գնանք», - ասաց մարզպետը:

«Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց՝ փակված արտադրամասերում կարվել են միայն բանվորական ձեռնոցներ, ոչ թե բժշկական դիմակներ։ Հավելեց՝ լուրը տարածվելուն պես թյուրընկալումներ են եղել:

«Դիմակները տարբեր, առանձին արտադրամաս է, հետո ի՞նչ, որ «Տավուշ տքստիլ»-ն է արել գործը, դիմակի հետ ընդհանրապես կապ չունի: Բերդում ունենք առանձին երեք արտադրամաս, երեք արտադրամասերից մեկում խնդիր է եղել, այդ մեկ արտադրամասը կանգնած է ամբողջությամբ, երկու հարկերում տեղակայված է մեկ արտադրություն: Էդ երկու հարկում տեղակայված մեկ արտադրությունը էս պահին ժամանակավոր կանգնացրել ենք մենք մեր նախաձեռնությամբ: Հիմա զբաղվում ենք թեստավորման հարցով, որպեսզի Բերդի բոլոր արտադրամասերում թեստավորենք մարդկանց՝ դա մոտավորապես 400 հոգի է», - նշեց Եզեկյանը:

«Բանակում կորոնավիրուսով վարակված ոչ մի զինծառայողի մոտ բարդ ընթացք չի արձանագրվել», - «Ազատությանը» փոխանցել է ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Նախարար Տոնոյանն օրերս նշել է, որ զինված ուժերում 2 տասնյակ դեպք է հաստատվել։

«Այս առավոտվա դրությամբ մեր մոտ, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը ասիմպտոմ է անցնում, պարզապես հսկողության [տակ են]: Կան թոքաբորբով դեպքեր, բայց ծանր, ծայրահեղ ծանր դեպքեր չունենք», - ասաց ՊՆ նախարարի տեղակալը:

Օրերս նաև Նորքի տուն-ինտերնատում էր նոր կորոնավիրուսով վարակվածության 45 դեպք հաստատվել, 28-ը հաստատության աշխատակիցներ էին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ ինտերնատի 17 տարեց բնակիչներից 14-ը հոսպիտալացված են, 3-ի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, ևս 3 տարեց, որոնց մոտ վարակն առանց ախտանշանների է ընթանում, ինքնամեկուսացված են ինտերնատում։

Ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր, որ կորոնավիրուսով վարակված հարյուրավոր քաղաքացիներ, որոնք վիրուսը թեթև են տանում, առաջիկայում մեկուսարաններից ուղարկվելու են տուն: Իսկ կորոնավիրուսի վարակվածության հաստատված նոր դեպքերով քաղաքացիները, որոնք վիրուսը ծանր չեն տանի՝ չեն հոսպիտալացվի, կանցնեն ինքնամեկուսացման։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն տանը մեկուսացվածներին: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց՝ պոլիկլինիկաների աշխատակցիներն այս պահին ակտիվ վերապատրաստումներ են անցնում։

Վերջին օրերին Հայաստանում օրական արձանագրվում է կորոնավիրուսով վարակման 200-ից ավելի դեպք, ամենամեծ թիվը գրանցվել է մայիսի 18-ին՝ 351 դեպք։