Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, ով 2016-ին պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում, այսօր երկրորդ անգամ էր հրավիրվել Ապրիլյան քննիչ հանձնաժողով։
Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո նա չցանկացավ պարզաբանել, թե ինչու է կրկին հանձնաժողով եկել։ Հետախուզության վարչության նախկին պետն ասաց, թե քանի որ քննարկված հարցերը գաղտնի են, ինքը չի կարող պատասխանել, պարզապես լրացուցիչ հարցեր են առաջացել, որոնց և պատասխանել է։
Հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո են այդ հարցերն առաջացել, Արշակ Կարապետյանն ասաց, թե «չի կարող նման բան ասել»։
«Քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են, դրա համար ինձ կներեք: Ես ոչ թե չեմ ուզում ձեզ հետ շփվել, այլ ուղղակի չեմ կարա»,- նշեց նա:
Հետախուզության վարչության նախկին պետը մեզ հետ զրույցում նաև հրաժարվեց ասել` ի վերջո ընդունո՞ւմ է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը բացթողումներ է ունեցել, ինչից հետո էլ և պաշտոնանկ է արվել։
«Ազատություն».- Դուք ընդունո՞ւմ եք, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ իսկապես բացթողումներ ունեցել եք, ինչի համար էլ պաշտոնանկ արվեցիք:
Արշակ Կարապետյան.- Ես ինքս ինձ գնահատական չեմ տալիս, կա ղեկավարություն, թող տա:
«Ազատություն».- Բայց Դուք ունե՞ք չէ Ձեր սեփական կարծիքը` այդ ամենի հետ կապված:
Արշակ Կարապետյան.- Եթե հարկը գա, որ ես իմ կարծիքի մասին հայտարարեմ, այդ ժամանակ կանեմ: Խոստանում եմ` Ձեզ կկանչեմ:
«Ազատություն».- Պարո՛ն Կարապետյան, իսկ հետախուզությունը 2016-ին ունե՞ր բավարար տեղեկատվություն, որ հարձակում է սպասվում և որ ուղղություններով:
Արշակ Կարապետյան.- Ես կարծում եմ` այդ հարցն ուղղեք հանձնաժողովին, ինքը կպատասխանի:
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդրադառալով վարչապետի խորհրդականին 2-րդ անգամ հանձնաժողով հրավիրելու փաստին, ասաց, թե իրենց վերլուծությունների արդյունքում առաջացել էին հարցեր, որոնք պետք է ճշտեին, ինչն էլ արել են։ Առայժմ հանձնաժողովի նախագահը փակագծեր չի բացում՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի Զինված ուժերի հետախուզությունը բացթողումներ ունեցել է։
«Դուք դրան կծանոթանաք մեր վերջնական եզրակացությամբ, եթե ունենաք հնարավորություն` ծանոթանալու, գաղտնիության աստիճանի հետ է կապված»,- հավելեց նա:
Ի դեպ, Քոչարյանը տեղեկացրեց, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցերին հաջորդ անգամ պետք է պատասխանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, առայժմ, սակայն, պարզ չէ` Նալբանդյանը հանձնաժողով կժամանի, թե հեռավար կպատասխանի պատգամավորների հարցերին։
«Ձևաչափի ուղղությամբ մենք աշխատում ենք, ժամկետները ասեմ` դա կլինի կամ ամսի 26-ը, կամ ամսի 27-ը: Հստակ է, որ պարոն Նալբանդյանը մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքին»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Վերջինս շեշտեց` մինչև հունիսի 4-ը, այսինքն` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների ավարտը, Զինված ուժերի շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հնարավորոթյուն ունի մասնակցել հանձնաժողովին նիստին և պատասխանել պատգամավորների հարցերին։ Քոչարյանը շեշտեց` վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին 2-րդ անգամ կանչելու հանգամանքը կապված էր նաև Խաչատուրովի` հանձնաժողով չգալու որոշման հետ։
Հարցին, թե նորից պաշտոնապես նամակ, հրավեր են ուղարկել Խաչատուրովին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.- «Ոչ, այլևս նամակ չենք ուղարկել: Պարոն Խաչատուրովը գիտի, որ ինքը պետք է գա, ոչ միայն ինքը գիտի, նաև իր ընտանիքի անդամներն էլ»:
Նշենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունիսի 4-ին` աշխատանքներն ավարտելուց հետո ամռանը կամփոփի նախկին ու ներկա պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքում ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը։ Սեպտեմբերին արդեն հանձնաժողովը խորհրդարանին ու հանրությանը կներկայացնի ամբողջական զեկույց։ Ինչպես Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որևէ այլ պետական կառույց ապրիլյան պատերազմի մասին չունի այնքան տեղեկատվություն, որքան որ հաջողվել է իրենց հավաքել.- «Տեսեք, ես այսօր ստացել եմ Ազգային անվտանգությունից, ապրիլյանին վերաբերող մեզ հետաքրքրող զեկույց է, բայց մեզ մոտ հազարավոր էջեր են, և այդ ամբողջը պետք է համադրել, նաև այս մեր հանդիպումների արդյունքները:
Բնականաբար, քանի որ սեպտեմբեր ամսին նստաշրջանը կսկսվի, մենք պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որը հուզում է բոլորին»:
Հավելենք, որ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանն այսօր խորհրդարան էր եկել առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցների, թեև ընդգծեց` վարակից չի վախենում, բայց ամեն դեպքում լրագրողներին հորդորում էր իրեն չկպչել.- «Հիվանդություն է տարածվում, ինձ մի կպեք, ճիշտ է` չեմ վախենում, բայց»: