Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց՝ մասնակցել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, ասում է Անդրանիկ Քոչարյանը


Չորս տարի առաջ քառօրյա պատերազմում հայկական կողմը հարյուրից ավելի զոհեր, տարածքային կորուստ ունեցավ: Խոսակցությունները տարաբնույթ էին՝ զինվորները չեն ունեցել փամփուշտներ, տանկերը՝ դիզվառելիք, հրամանատարական կազմը օպերատիվ չի արձագանքել հակառակորդի հարձակման մասին լուրերին, և այլն:

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին:

Չեն մարում քննարկումները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ՝ սառեցնել առանց այն էլ լարված մթնոլորտում ավելորդ գրգռվածություն առաջացնող հանձնաժողովի աշխատանքը:

Առաջարկին դեմ արտահայտվող Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքի վերջնաժամկետը հունիսի 4-ն է, իսկ իրենք 100 ժամից ավելի տեսաձայնագրություններ ունեն, որոնք ուսումնասիրելուց հետո զեկույցի վրա պետք է աշխատեն:

Ինչպե՞ս է անցնելու նիստը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր քննիչ հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Անդրանիկ Քոչարյան. – Մենք, հանձնաժողովը չի շարժվում սրա, նրա գրգռվածության աստիճանը հաշվի առնելով, առավել ևս, երբ որ առաջին նախագահի նախանշած այդ ուժերը միշտ էլ գրգռված վիճակում են իշխանությունը կորցնելուց հետո, և մենք դա պետք է հաշվի չառնենք: Մենք ունենք, Ազգային ժողովի կողմից մեզ լիազորություն է տրված ապրիլյան դեպքերն ուսումնասիրել՝ մենք դա անում ենք, անկախ նրանից՝ ովքեր են գրգռված:

Եվ, վերջին հաշվով, հարցերը պետք է ստանան լուծումներ, և ոչ թե տրվեն գնահատականներ՝ լարված, գերլարված և այլն: Էդպես եթե նայենք, մեր երկրում մենք պետք է ոչ մի բան չանենք, նույնիսկ պետք է արտակարգ դրություն չանենք, որովհետև ինչ-որ մարդիկ դրանից նեղվում են կամ գրգռվում են: Մենք, պետք է պետությունը իր առջև դրված խնդիրները լուծի և ոչ թե սառեցնի, և եթե մենք այդ ճանապարհով գնայինք, բնականաբար, մենք շատ ավելի խնդիրներ լուծած կլինեինք:

Եվ, իհարկե, կորոնավիրուսը ինքը ամբողջ աշխարհի համար դարձել է պրոբլեմ, և այդ վիրուսի հետ հաշվի են նստում աշխարհի գերտերությունները ևս: Բայց մենք պետք է նաև ապրենք և մեր առջև, մեր երկրի առջև դրված խնդիրները նաև պետք է լուծենք: Վիրուսը չի թելադրելու ամեն ինչ, վերջին հաշվով՝ մարդկությունը կգտնի նաև վիրուսին թելադրելու իր կամքը, և էդպես, երկրագունդը բազմաթիվ էդպիսի վիրուսներ է տեսել, շատ ավելի հրեշավոր, վերջին հաշվով՝ ժանտախտ է տեսել, և դա էլ է հաղթահարվել:

«Ազատություն». – Երրորդ նախագահը, ըստ էության, այն ռիսկային խմբում է, որը շատ ավելի խոցելի է այս հիվանդության, այս վիրուսի առումով, և, օրինակ, դուք հիմա այդ հանձնաժողովում 11 անդամ ունեք, <...> ինչպե՞ս եք կազմակարպելու այդ նիստը՝ դիմակներո՞վ եք լինելու, թե՞ երրորդ նախագահն է դիմակ կրելու:

Քոչարյան. – Չէ, եթե խնդիր լինի, ես մի քանի օր առաջ էլ իմ հարցազրույցներից մեկում ասացի, որ դրա անհրաժեշտության դեպքում, սենյակը ամբողջությամբ ստերիլ վիճակում է, որովհետև էնտեղ համարյա պատահական որևէ մեկը չի մտնում, բայց այդ օրվա համար ամեն ինչ կբերվի շատ ավելի ստերիլ վիճակի, այսինքն՝ ախտահանման տեսանկյունից: Եվ եթե անհրաժեշտ լինի, ես պարետին նամակով կդիմեմ և կխնդրեմ, որպեսզի հանձնաժողովի բոլոր անդամները մեկ օր առաջ թեստ անցնեն, որպեսզի որևէ շահարկումների տեղիք չտա՝ վիրուսի հետ կապված:

Եվ ես կարծում եմ, վիրուսից բացի՝ մենք պետք է մեր պետության առջև դրված խնդիրները, կասկածները օր առաջ լուծենք, և դրա համար էլ մենք մերժեցինք առաջին նախագահի նամակի բովանդակության այդ հատվածը, որովհետև ոչ մի ձև չի բացատրվում, թե ինչ կապ ունի Ապրիլյանը և այն թեժ պայքարը, որ մղում են իշխանությունների դեմ էդ հայտնի կայքերը, որոնք առավոտից իրիկուն իշխանությունների համար խոչընդոտներ են ստեղծում:

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը կոնկրետ նպատակով է ստեղծված և այդ նպատակն է սպասարկում՝ դա ապրիլի 2-ին 16 թվականի դեպքերի ուսումնասիրությունն է, և հասարակությանը և տուժողների և զոհվածների հարազատների առջև մենք հաշվետու ենք՝ այդ խնդիրը պատվով լուծելու և դուրս գալու համար: Եվ դրա համար որևէ մեկը ոչ մի իրավունք չունի մերժելու, անկախ նրանից՝ [ԱԺ] Կանոնակարգ օրենքը այդ հնարավորությունը իրեն այդ հնարավորությունը տալիս է, թե չէ, այն պատճառով, որ նույն Խաչատուրովը հրաժարվեց գալու՝ հիմնավորելով, որ ինքը պաշտոն չունի, բայց չէ՞ որ ինքը ունեցել է ամենաբարձր զինվորական պաշտոնը այդ թվերին, և իր որոշումների հետ կապված մենք ունենք հարցեր: Եվ հարցերը եթե չենք կարողանում իրեն տանք, հարցերը մնում են կասկածելի դրվագների ներքևում, և դա լուծում է պահանջում:

Եվ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց՝ իր գրասենյակի հետ մեկտեղ: Քննիչ հանձնաժողովը ում որ հրավիրում է, և մինչև հիմա ում հրավիրել ենք, բոլորը եկել են:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG