Չեխիայի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, երկրում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 8 հազար 352-ի, ապաքինվել է 5 հազար 249 հիվանդ, մահացել է 293 մարդ:
Չեխիայում դեռ ուժի մեջ է արտակարգ դրությունը, որի ժամկետը կսպառվի մայիսի 17-ին:
Վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, թե կառավարությունը մտադիր չէ օրենսդիրին դիմել արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկով: Հանրային վայրերում դիմակ կրելու օրենքը մայիսի 25-ին ուժը կկորցնի, և այդ պաշտպանիչ միջոցին դիմելը կդառնա կամավոր:
Czech Airlines ընկերությունը մայիսի 18-ից վերականգնում է չվերթները Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Փարիզ և Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ:
Մինչև 2500 քառակուսի մետր տարածքով խանութներն արդեն գործում են, բացի այդ, արտոնվել է շուկաների, արհեստանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների աշխատանքը:
Որոշակի սահմանափակումներով վերականգնվել է արտասահման մեկնելու իրավունքը:
Իշխանությունները թույլ են տվել հանրային հանդիպումները՝ պայմանով, որ դրանց կմասնակցի մինչև 10 մարդ: