Փաշինյանի հետ հանդիպումից հետո Մարուքյանը «Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն» չունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

Հանդիպման ավարտին վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին․ - «Ես ներողություն եմ խնդրում, ես հարցերին չեմ պատասխանում»։

Վարչապետի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե Արցախի հիմնախնդրի վերաբերյալ շահարկվող մտահոգությունները փարատված են։

Ներքաղաքական որևէ հարցի, հավաստիացրեց Մարուքյանը, անդրադարձ չի եղել։ Իսկ իշխանական «Իմ քայլի» և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» միջև առճակատումները վերջին շրջանում բավականաչափ էին։ Հիշեցնեմ միայն մեկն ու աղմկահարույցը՝ լեզվակռիվը Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև, որտեղ փոխադարձ վիրավորանքների պակաս չզգացվեց։

«Էն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարային արվում են, դրանից դուրս որևէ բան չկա», - լրագրողներին ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ - «Արցախի հարցը էն հարցն ա, որ բոլորս էս առումով համախմբված ենք։ Էս մասով տարաձայնության հարց չկա։ Էրեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև արված հայտարարությունը հայ ժողովրդի ցանկությունների հետ կապված, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու։ Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք»։

«Ազատության» հարցին, թե արդյոք վարչապետն ասել է, որ փուլային տարբերակ չկա սեղանին դրված, Մարուքյանն արձագանքեց․ - «Ինչ որ ասեց, բնականաբար, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինենք, դուրս կգանք։ Հրապարակային ինչ որ ասում եմ, սա էր։ Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչ որ Հայաստանում անդադար շահարկվում է»։

«Թող մեզ ոչ ոք չասի ինչ ենք բանակցում, ինչ պետք է, բանակցում ենք», - երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ խոսում են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին։

Քննադատությունը ղարաբաղյան հարցով գլխավոր բանակցող Փաշինյանի հասցեին ահագնացավ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից հետո, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման քննարկումների հիմքում փուլային սկզբունքներն են։ Ընդ որում, առաջին փուլում, ըստ Սերգեյ Լավրովի, պետք է ազատագրվեն Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ։

Պաշտոնական Երևանը շտապես հերքել, թե 2015-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորումների վրա։

Երեկ էլ, ըստ Էդմոն Մարուքյանի, արտգործնախարարին է զրույցի հրավիրել, և հենց Զոհրաբ Մնացականյանին հղում անելով էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հայտարարեց․ - «Որևէ փաստաթուղթ չի բանակցվում։ Ես տենց գիտեմ, որ չկա։ Ես հավատում եմ Զոհրաբ Մնացականյանին։ Լավրովը ինչ որ ասել ա․․․ կմնեկնաբանի և մեկնաբանել ա մեր նախարարությունը»։

Արցախյան հիմնախնդիրը, այսօր կարծիք հայտնեց Մարուքյանը, լուծումից հեռու է․ - «Եթե ինչ-որ որոշում կլինի, կգան խորհրդարանը, էդպես հայտարարվեց, Արցախ․․․ և նաև կսկսեն հրապարակային քննարկումներ։ Ես կարծում եմ, որ դրան մենք դեռ շատ, շատ, շատ երկար սպասելու ենք։ Որովհետև էդպիսի որոշման հանգել, որ բոլոր երեք կողմերին էլ բավարարի, և բոլորը համակարծիք լինեն, դա․․․ չգիտեմ ինչքան ժամանակվա խոսակցություն ա»։

Վարչապետը երկրորդը օրը Ազգային ժողովում մասնակցում էր Կառավարության ծրագրի կատարողականի քննարկումներին։ Նրա և Մարուքյանի հանդիպումը ընդդիմադիր պատգամավորի սենյակում է կայացել, սեղանին սուրճ է եղել։