Մատչելիության հղումներ

Բանակցության գնալուց չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից. Նիկոլ Փաշինյան


Ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան մեր կառավարությունը` կիլոմետրերով բազմիցս մենք մեր դիրքորոշումն ենք արտահայտել, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա այս մասին խոսեց ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցի, ով նշեց, թե ԲՀԿ-ն կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լիգիտմիացումը։

«Ես չեմ ուզում, և չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, ու սենց ձեռքներս դողան, որ հանկարծ սխալ, կներեք, «չփռշտանք», որ սա պատմություն չդառնա։

Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ: Եվ մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները, բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Թող ոչ մեկ մեզ չասի` այդ ի՞նչ ենք բանակցում: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք:

Մեզնից պատասխան կարո՞ղ է պահանջել, այո, կարող է պահանջել Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: ՀՀ ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, որ մենք գնանք, բանակցենք: Մեզ ոչ ոք չի կարող ասել` ի՞նչ եք բանակցում, ասում եմ` ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք: Երբ մենք կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում ունենք մի բանաձև, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, ԱԺ-ին, ժողովրդին և հանրությանը, կգանք, կներկայացնենք, որովհետև Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չէ, ոչինչ որոշված չէ», - ասաց վարչապետն ու հավելեց՝ իշխանություններն ինչքան լիազորություն ունեն, բանակցում են, բանակցությունների գնալիս չեն վախենալու՝ «ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG