Մատչելիության հղումներ

Ըստ ՀԽ նախագահի՝ լավ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բարձրաձայնում են խնդիրները երկկողմ հարաբերություններում


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում են Ժնևում, 25-ը փետրվարի, 2020թ.
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում են Ժնևում, 25-ը փետրվարի, 2020թ.

Հայաստանն ու Ռուսաստանն արդեն բարձրաձայն խոսում են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների մասին, և դա լավ է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով գազի գնի հետ կապված երկու կողմերից հնչող հայտարարություններին:

«Հարաբերություններում առկա խնդիրների մասին բարձրաձայն խոսում են՝ ի տարբերություն նախկին շրջանների, երբ այդ խնդիրները մենք չէինք տեսնում», - նշեց Սաֆարյանը:

Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման հնարավորության շուրջ խոսակցություններին, ասել էր. - «Դաշնակիցները պիտի տնտեսական առավելություններ ստանան, սակայն դաշնակցային առավելությունները պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում»: Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանում ռուսական Հարավկովկասյան երկաթուղիների և այլ ընկերությունների դեմ սկսված դատական գործընթացները կկարգավորվեն «դաշնակիցներին հարիր» կերպով:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, արձագանքելով այս հայտարարությանը, պնդեցին՝ ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում հարուցված քրեական գործերը պետք է կարգավորվեն հայկական օրենսդրությանն ու Սահմանադրությանը համապատասխան:

Երեկ էլ Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Լավրովի հայտարարությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների օրակարգը մեծ է, և այդտեղ հայկական կողմը հարցեր ունի:

«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն՝ ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Եվ ունենք հարցեր, խնդիրներ, որոնք երկու դաշնակից բարեկամ երկրներ միմյանց հետ քննարկում են», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

Մնացականյանի խոսքով՝ գազի գնի հարցը Հայաստանի համար չափազանց կարևոր է, և դրա շուրջ քննարկումները Ռուսաստանի հետ շարունակվելու են:

Մեկ ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխություններ սկսելու նամակով դիմել էր Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությանը:

Հատկանշական է, որ ընդամենը մեկ օր անց «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա»-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներքին սակագները վերանայելու և շուրջ 11 տոկոսով Հայաստանի սպառողների համար գազի գինը բարձրացնելու հայտ ներկայացրեց:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է՝ 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայաստանյան այցի ընթացքում հայտարարեց՝ հայկական շուկայի համար գազի գինը Ռուսաստանի ներքին գների չափերով կլինի: Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ ակնհայտորեն պայմանավորվածություններ են խախտվել:

«Պարոն Լավրովը, ով նաև Ռուսաստանի արտգործնախարարն է եղել, ինքը պիտի որ տեղյակ լինի, որ այդպիսի հավաստիացումներ տրվել են, և հենց «Գազպրոմ»-ի մոնոպոլ կարգավիճակը Հայաստանում պայմանավորված է եղել միայն և միայն այն բանի համար, որ Ռուսաստանը չի փոխի խաղի կանոնները: Այժմ ակնհայտորեն Ռուսաստանի «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը խախտում է խաղի կանոններ, և սրանք անշուշտ պիտի քննարկման առարկա լինեն», - ընդգծեց Սաֆարյանը:

Թեև լավ է, որ երկու երկրները բարձրաձայնում են խնդիրների մասին, այդուհանդերձ, ըստ Հանրային խորհրդի նախագահի, Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության բովանդակությունը նորմալ չէ: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են նախկին պատկերացումներով շարժվել, բայց դա որպես հարաբերությունների վատթարացում չպետք է մեկնաբանվի. - «Հակառակը՝ այդ կոնսերվացված և բուժման չենթարկված վերքերը ժամանակին, դրանց պահպանումը կարող էր ուղղակի շատ լուրջ թունավորումներ առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում»:

Սաֆարյանը վստահ է՝ երկու կողմերն էլ գիտակցում են, որ հարաբերությունները չպետք է թունավորվեն:

XS
SM
MD
LG