Իշխանությունն այժմ քննարկում է, թե ինչ ճանապարհով կարելի է լուծել սահմանադրական ճգնաժամը: Քանի կա կորոնավիրուսի վտանգ, հանրաքվե դժվար թե անցկացվի: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Դեռ քննարկումների փուլում ենք: Չեմ կարող ասել՝ ինչ տարբերակներ ենք քննարկում, կան տարբերակներ՝ քննարկում ենք», - նշեց Հակոբյանը՝ շարունակելով. - «Ես կարող եմ ասել, որ կորոնավիրուսի պայմաններում, քանի կա վտանգ, քանի կա մեր քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգ, մենք, կարծում եմ, չենք գնա էդ ռիսկին, որ անցկացնենք հանրաքվե և մեր քաղաքացիների կյանքը, առողջությունը վտանգենք»:
«Խնդիրը մնում է, խնդիրը կա, խնդիրը չի լուծվել, բայց մեր քաղաքացիների առողջությունը ավելի արժեքավոր է մեզ համար, քան այլ խնդիրներ», - վստահեցրեց իշխանական խմբակցության պատգամավորը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ հարցն այժմ կարգավորվում է հայաստանյան օրենքներով, հանրաքվե անցկացնելու՝ Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է, և եթե այլ որոշում չլինի, ապա արտակարգ դրության ավարտից 50 օր հետո 15-օրյա ժամկետում պետք է հանրաքվեի օր նշանակվի:
«Որքանով որ գիտեմ, քանի դեռ Ազգային ժողովի որոշումը կա, այսինքն՝ գործող որոշում է, հետևաբար՝ հանրաքվեն անբեկանելի է, և արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտից հետո պետք է օր նշանակվի: Այդքանը գիտեմ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է՝ սահմանադրական ճգնաժամը պետք է լուծի Ազգային ժողովը, հանրաքվեն համավարակի պայմաններում տարբերակ չէ:
«Մենք չենք կարող այս հարցը թողնել այս համավարակի պայմաններում հանրաքվեի ճանապարհով, որովհետև շատ լավ հասկանում ենք, որ դա արդեն տապալված է՝ այդ ճանապարհով լուծելու տարբերակը», - «Ազատությանն» ասաց Բաբաջանյանը՝ շարունակելով. - «Իսկ մենք չենք կարող երկրի առաջնագիծը թողնել թշնամուն, իսկ ես Սահմանադրական դատարանի ներկա կազմը, կամ առնվազն այդ 7 հոգին դիտարկում եմ որպես պետության, մեր երկրի առաջընթացի ուղիղ թշնամի, և առաջնագիծը չենք կարող թողնել, որպեսզի թշնամին շարունակի դարանակալած մնալ՝ նրանց պետք է ուղղակի չեզոքացնել: Եվ որպես ժողովրդավարության պաշտպան՝ այս Ազգային ժողովը պարտավոր է հանուն ժողովրդավարության պաշտպանության ձեռնամուխ լինել այդ աշխատանքին»:
«Ես մի քիչ խիզախության և նախաձեռնողականության կոչ եմ հղում իշխող «Իմ քայլը» խմբակցությանը», - հայտարարեց անկախ պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հարցը խորհրդարանում լուծելու փորձերը տապալվել են:
«Ազգային ժողովով իրենք փորձեցին էդ հարցը լուծել և կարծես թե կանգնեցին օրենսդրական փակուղիների առջև: Միակ տարբերակը «Հրայր Թովմասյան ընդ քամփընի»-ից ազատվելու, ինչպես հասկացանք, մնում է սահմանադրական հանրաքվեն, որովհետև Ազգային ժողովում օրենսդրական մակարդակով, համոզելով, կենսաթոշակի գնալու դիմաց ցմահ թոշակ, նպաստ առաջարկելու բոլոր, որքան ես հասկացա, իրավական, կիսաիրավական ռեսուրսները սպառված են, և միակ տարբերակը մնում էր հանրաքվեն: Հիմա, այս պայմաններում հանրաքվե անցկացնել Հրայր Թովմասյանից ազատվելու համար, որքան է դա հոգեպես և բարոյապես ազնիվ՝ դա բացառապես իշխանության որոշելիքն է», - «Ազատությանն» ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը: Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևեց մինչև մարտի 12-ը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը և վերադարձավ Երևան: Հանրաքվեին պատրաստությունները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին: