Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվում են, հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը և ղեկավարվելով Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված էր ապրիլի 5-ին, փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս վեց անդամների լիազորությունները:
Հայաստանում մարտի 16-ի ժամը 18:30-ից արտակարգ դրություն է հայտարարված՝ կապված նոր կորոնավիրուսի վարակի հետ: