Արգիշտի Քյարամյանի նշանակումը վարչապետ Փաշինյանի քաղաքական որոշումն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Արգիշտի Քյարամյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում քաղաքական որոշում էր։

«Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է էնտեղ աշխատի։ Դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել։ Պարզապես օրենքը էդ միջանցքն ա տվել, որպեսզի ինքը հայտնվի էնտեղ», - Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը։

Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի ապրիլից Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականություններն են կատարում։ Մայիսի 4-ին նա ազատվել էր այդ պաշտոնից և նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Իսկ արդեն մայիսի 5-ին ազատվել էր նաև այդ պաշտոնից ու նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Վարչապետի խոսքով, մինչև օրս իրավապահ համակարգում այդտեղ չաշխատած մարդիկ չեն նշանակվել՝ աշխատակիցներին հնարավորություն տալով ապացուցել, որ կարող են աշխատել նոր պայմաններում, բայց հիմա «այլ փուլ է սկսվել»․ - «Իմ քաղաքականությունը եղել ա էն, որ Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն ինչ-որ մի ժամանակ ընդհանրապես դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ էդ համակարգերը պետք ա ունենան հնարավորություն։ Եվ հիմա էկել ա ժամանակը գնահատելու և վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը, և այո, կարելի է դա ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կարող են նաև, ոչ թե կարող ենք, այլ կլինեն նաև դրսից նշանակումներ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն նշեց, որ իրենք վաղուց էին ասում, որ պետք է այսպիսի նշանակումների հնարավորություն ստեղծել, անգամ օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չընդունեց․ - «Մենք առաջարկում էին օրենքը փոխել, վարչապետին տալ հնարավորություն, որ առանց․․․ տեսաք ինչ էր, մոտավորապես դա քյանդրբազություն էր, նույն բանը արել ա Սերժ Սարգսյանը Կուտոյանի նշանակման ժամանակ։ Դա քյանդրբազություն ա։ Առանց դրա, հստակ իրավական ընթացակարգով ուղիղ նշանակումներ անի, ազնիվ։ Եվ ասի, որ քաղաքական ա․ էս մարդուն եմ վստահում՝ էդ մարդուն եմ նշանակում։ Ինչ վերաբերում ա կոնկրետ անձին, ես Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իրա ունակությունները, կարողությունները և այլն։ Ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանի Հանրապետությունում վարչապետն է։ Սերժ Սարգսյանը էդպես ա գրել էս Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ։ Եվ ոստիկանապետն էլ ա վարչապետը։ Դրա համար, եթե ինքը որոշել ա, որ էդ մարդուն էնտեղ նշանակի, ուրեմն մի բան գիտի, ուրեմն ճիշտ ա արել»։

Փաշինյանն ասաց, որ ունեին հնարավորություն օրենքը փոխելու, սակայն նպատակահարմար չգտան․ - «Բայց հետո մենք հասկացանք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող ա ջարդի, կարող ա կոտրի, և էդտեղ, այո, մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի։ Հիմի էլ հույսն էն ա, որ և՛ Ոստիկանությանը, և՛ Ազգային անվտանգության ծառայության մեր պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս նոր նշանակման մասին ասաց՝ կապրենք, կտեսնեք։ Սակայն մի բան, ըստ իրենց, հստակ է՝ իշխանության խնդիրներից մեկը կադրերն են․ - «Համենայն դեպս, ես մշտապես ասել եմ, որ գործող իշխանության կադրային քաղաքականությունը շատ դեպքերում ուղղակի ողբալի է»։

Ազգային անվտանգության ծառայությունում այս նոր նշանակումը արդյո՞ք կապված է Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի փախուստի հետ։ Օրերս հայտնի դարձավ, որ մինչ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացնում, կրտսեր Խաչատրյանն արդեն թաքնվել էր քննությունից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյան․ - «Գրեթե վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում է»։

Հարցին, թե արդյոք այս նշանակումը կօգնի, որ այլևս նման դեպքեր չլինեն, Հակոբյանն արձագանքեց․ - «Անկեղծ ասած, չգիտեմ սա դրա համա՞ր է արվել, թե՞ ոչ, որ ասեմ կօգնի, թե ոչ»։

Նաիրա Զոհրաբյան․ - «Հարցը մեր անվտանգությունը ապահովող կառույցներին պիտի ուղղել, որ օրվա 24 ժամը բնակվում է մեր հեռախոսներում․․․ էդ գործը թողեն և զբաղվեն իրենց անմիջական գործունեությամբ, իրենց անմիջական պարտականություններով։ Կարող ենք տարբեր ենթադրություններ անել, թե ինչպես է հնարավոր զմրսված օդային և ցամաքային սահմանների դեպքում անէանալ։ Բայց ես իմ անձնական ենթադրությունները կպահեմ ինձ, և կսպասենք իրավապահների պարզաբանմանը»։

Էդմոն Մարուքյան․ - «Գուրգեն Խաչատրյանը ասեղ չի, որ կորչի։ Կգտնեն, մի անհանգստացեք։ Եվ բնականաբար, պետք ա յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր նախկին պաշտոն զբաղեցրած անձ, որը իր պաշտոնը ի շահ իրեն է ծառայեցրել, իր ընտանիքի և դարձել է միլիարդատեր, պետք է պատասխան տա, և էդ փողերը պետք ա հետ բերվեն։ Մենք էս թեմայի շուրջ իշխանության հետ բանավեճ չունենք։ Մեր բանավեճը էն ա եղել, որ եկեք արդյունավետ ինստիտուտներ ստեղծենք։ Երբ որ էս Կառավարության ծրագիրը, որը հիմա քննարկում ենք, հաստատվում էր, մենք առաջարկում էինք Կառավարության մեր տարբերակի կառուցվածքը, որի արդյունքում Գուրգեն Խաչատրյանը չէր կարողանալու փախնել։ Չեն ընդունել, փախել ա, հիմա նոր մեր ասածը անում են»։